Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, առաջին անգամ օգտագործելով Իրանի հետ հատուկ առևտի մեխանիզմները, բժշկական բնույթի օգնություն են տրամադրել Իրանին՝ մեղմելու կորոնավիրուսի հետևանքները պատժամիջոցների տակ գտնվող իսլամական այդ երկրում:
Օգնության մասին այսօր հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ բժշկական նշանակության ապրանքներն արդեն Իրանում են: Մատակարարումներն իրականացվել են Instex համակարգի միջոցով: Այս մեխանիզմը ստեղծվել էր մեկ տարի առաջ, բայց օգտագործվեց առաջին անգամ: Այն հնարավորություն է տալիս, շրջանցելով Իրանի հանդեպ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, օրինական առևտուր անել Իրանի հետ, հիմնականում հումանիտար բնագավառում:
«Այժմ, երբ առաջին փոխանցումներն ավարտված են, Intex-ն ու STFI իրանցի գործընկերները աշխատելու են նոր փոխանցումների և մեխանիզմները բարելավելու վրա»,- նշված է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ ամերիկյան պատժամիջոցների պատճառով չեն կարողանում բավարար պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ:
Իրանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակն այսօր հայտնել է, որ անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի ավելի քան 3 հազար նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր քանակը հասել է 44 հազար 600-ի: Մեկ օրվա ընթացքում գրանցվել են նաև մահվան նոր դեպքեր, 141 մարդ է մահացել, ու այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերն Իրանում ընդհուպ մոտեցել են 2 հազար 900-ի:
Ինչ վերաբերում է Իրանին օգնություն տրամադրած Գերմանիային, Ֆրանսիային ու Բրիտանիային, ապա նրանք էլ առանձնապես բարվոք վիճակում չեն:
Գերմանիայում նույնիսկ կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր են արձանագրվել, քան Իրանում, բայց մահացությունը զգալիորեն քիչ է: Գերմանիայում, այսօր ցերեկվա տվյալներով, վարկվածների թիվը 67 հազարն անցել է, մահացել է 651 հիվանդ:
Ֆրանսիան գրեթե նույն վիճակում է, ինչ Իրանը թե՛ վարակի տարածման, թե՛ մահվան դեպքերի քանակով: Բրիտանիայում արձանագրվել է Իրանի ցուցանիշների ուղիղ կեսը: Բայց Բրիտանիան թերևս միակ երկիրն է, որի ղեկավարի` վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նա գտնվում է կարանտինի մեջ: Առողջապահության նախարարի մոտ ևս կորոնավիրուս է հայտնաբերվել, իսկ թագավորական ընտանիքն ինքնամեկուսացվել է` թագուհի Էլիզաբեթ Երկրորդը` Բուքինգհեմյան պալատում, արքայազն Չարլզը՝ Շոտլանդայի նստավայրում:
Եվրոպայում ամենավատ վիճակում Իտալիան ու Իսպանիան են: Այսօր Իտալիայով մեկ` հյուսիսից հարավ` Միլանից Սիցիլիա, բոլոր քաղաքներում կիսով չափ իջեցվել են Իտալիայի, Եվրամիության ու տվյալ քաղաքի դրոշները: Միայնակ կանգնած քաղաքապետերը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսի զոհերի հիշատակին:
Իտալիայում 101 հազարից ավելի դեպք է արձանագրվել, 11 հազար 500-ից ավելի մարդ է մահացել: Սա որևէ մի երկրում արձանագրված մահերի ամենամեծ թիվն է` երեք անգամ ավելին, քան վիրուսի օջախ Չինաստանում: Իտալիայից միակ մխիթարող լուրն այն է, որ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն արձանագրվել:
Իսպանիայում ընդհակառակը` նոր դեպքերի բռնկում է՝ 6 հազար 400-ից ավելի նոր դեպքեր, վարակվածների քանակը կտրուկ աճել է` անցնելով 94 հազարը, 8 հազարից ավելի մարդ է մահացել, այդ թվում` 849 զոհ վերջին 24 ժամվա ընթացքում: Իսպանիայում համաճարակը բռնկվելուց ի վեր դա մահվան դեպքերի ամենամեծ թիվն է մեկ օրվա մեջ:
Վիրուսի ամենատարածված երկիրը Միացյալ Նահանգներն է, 164 հազարից ավելի ախտահարվածներ, զոերի թիվն այսօր ցերեկվա դրությամբ 3 հազար 100-ից ավելին է:
Իսկ ամբողջ աշխարհում մարտի 31-ի դրությամբ թվերն այսպիսին են՝ կորոնավիրուսի 800 հազարից ավելի դեպք, ավելի քան 38 հազար 700 զոհ: Վիրուսի տարածման ու մահվան նոր դեպքերը կանգ չեն առնում: