ՀՀ-ի համար նախատեսված ամերիկյան օգնությունն արդեն փոխանցվել է միջազգային գործընկերներին. դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, արխիվ

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար ամերիկյան օգնությունը, որ ցուցաբերվելու է միջազգային կազմակերպությունների միջոցով, արդեն իսկ փոխանցվել է նրանց: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համավարակի դեմ պայքարի համար 64 երկրների շարքում 1 միլիոն 100 հազար դոլարի աջակցություն կստանա նաև Հայաստանը՝ լաբորատոր կարողությունների ամրապնդման, հիվանդության բացահայտման և վերահսկման համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը 274 միլիոն կկազմի։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է՝ աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով։