«Կորոնավիրուսի մոտավորապես 35 նոր ախտորոշում ենք ունեցել». Փաշինյան

Այսօր կորոնավիրուսի մոտավորապես 35 նոր ախտորոշում է եղել, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:

«Իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված մնում է լարված, ցավոք սրտի մենք աճ ենք ունենում հիվանդների, այսօր էլ մոտավորապես 35 նոր ախտորոշում ենք ունեցել, բայց իրավիճակը դեռևս համարվում է կառավարելի», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է այս մի շաբաթը հնարավորինս խիստ պահպանել պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կանխվի կորոնավիրուսի տարածումը:

«Պարզ է, որ սա որոշակի տնտեսական վնասներ է բերում, բայց տնտեսական վնասները կաշխատենք վերականգնել: Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարման գործիքներին, կառավարությունն արդեն 5 միջոցառման մասին որոշում է կայացրել, մշակվում են նոր միջոցառումներ», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ Հայաստանում սննդի ներկրումն իրականացվում է բնականոն:

«Ես ամենօրյա տեղեկանքներ եմ ստանում Հայաստան սննդի ներկրումների մասին և մեր երկրում առկա պաշարների մասին: Համոզված եմ՝ դուք տեսնում եք մեր մթերային խանութներում, որ որևէ խնդիր չունենք», - նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս պահը կորոնավիրուսից ապաքինվել է 30 քաղաքացի: Գրանցվել է մահվան մեկ դեպք:

Խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ: