Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել կորոնավիրուսի համաճարակի շուրջ` պայմանավորվելով համակարգել ջանքերը:
«Մենք սերտորեն համագործակցում ենք», - զրույցից հետո գրել է նախագահ Թրամփը Թվիթերում` փաստելով, որ Չինաստանը մեծ փորձառություն ունի վիրուսի դեմ պայքարում:
Զրույցից մի քանի ժամ առաջ, մինչդեռ, Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Պեկինը թաքցնում է իրական վիճակագրությունը: Չինաստանի պետական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, թե հեռախոսազրույցում Սի Ծինփինն ընդգծել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է միասնաբար աշխատեն` այս վարակի տարածումը կանխելու համար: