ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ նոր փոփոխություններն արդեն բավարարում են, ասում է Աշոտ Մելիքյանը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյան, 2-ը մարտի, 2020թ.

Արտակարգ իրավիճակի պայմաններում օրեցօր մարդկանց տեղաշարժի սահմանափակումները խստացվում են, իսկ լրատվամիջոցների համար նախատեսված արտակարգ սահմանափակումները, ի պատասխան լրագրողական ու իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների հորդորների, մեղմվեցին։ Միայն պաշտոնական տեղեկատվություն հրապարակելու պահանջն անհիմն ու ոչ ողջամիտ էին համարել մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ: Նաև միջազգային կառույցներն էին մտահոգություն հայտնել։

Կառավարության նոր որոշմամբ լրատվամիջոցներն արտակարգ դրության պայմաններում գործելու ազատություն են ստացել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն ասում է` այս փոփոխություններն արդեն բավարարում են իրենց:

«Այսուհետ հայաստանյան լրատվամիջոցները կարող են իրենց աղբյուրներից հայթայթել տեղեկություններ կորոնավիրուսի հետ կապված, այն խնդիրները, որոնք առաջացել են, լուսաբանել, միայն թե դա պետք է պարետատան մեկնաբանությունով հրապարակել», - նշեց Մելիքյանը:

Ի դեպ, նոր շարադրանքից հանվել է «ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող» ձևակերպումը: Շատ էր քննարկվում, թե այդ որ լուրն է խուճապի մատնողը: Այժմ լրատվամիջոցները կորոնավիրուսի վարակի վերաբերյալ կարող են սեփական տեղեկությունները կամ հայտնաբերած խնդիրները հրապարակել, բայց եթե պարետատունը հերքում կամ պարզաբանում է ներկայացնում, դա էլ պետք է հրապարակեն ստանալուց երկու ժամվա ընթացքում։

Օտարերկրյա լրատվամիջոցների կողմից կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված նյութերը արտատպվել կարող են. - «Հիմա շավ ավելի հստակ է, և բավական է հստակ հղում ունենալով` ունենալ, և այդ դեպքում հնարավորություն կա հրապարակել այն նյութերը, որոնք ստացվում են արտասահմանյան աղբյուրներից», - շեշտեց ԽԱՊԿ ղեկավարը:

Մինչև այսօր 20-ից ավելի լրատվամիջոցներից ոստիկանությունը պահանջել է հեռացնել այս կամ այն հրապարակումը։ Աշոտ Մելիքյանն ասաց՝ պատրաստվում են հարցումներ ուղարկել թե՛ ոստիկանություն ու թե՛ պարետատուն՝ ճշտելու արդյոք կան տուգանված լրատվամիջոցներ։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ լուսաբանումների ընդհանուր պատկերին, նրա կարծիքով` պաշտոնական տեղեկատվությունը ճիշտ է` հարուստ էր, ինֆորմացիայի պակաս չկար, բայց լրատվամիջոցների աշխատանքը մինչև այժմ սահմանափակված էր, և պարզ չէր, թե ինչ կառաջարկեին նրանք:

«Հիմա, երբ փոփոխություններն իրականացրել են կառավարության որոշման մեջ, և լրատվամիջոցները կարող են անկաշկանդ գործել, կարծում եմ, որ լրատվամիջոցները նաև իրենց աղբյուրներից կհայթայթեն տեղեկությունները, որոնք հասարակական նշանակություն կունենան», - նկատեց Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը հույս ունի, որ այս զգայուն փուլում կեղծ տեկատվության հոսք չի սկսվի։ Կարծում է, որ պաշտոնական լրահոսը, որակյալ լրատվամիջոցների աշխատանքը կստիպի, որ ֆեյք լուրերը ծնվելուց հետո մեռնեն արագ։