ԱՊՀ տարածքում, ըստ պաշտոնական վիճակագրության, կորոնավիրուսով հիվանդների թվով առաջին հորիզոնականում Ռուսաստանն է: Այսօրվա տվյալով, երկրում վարակված է 658 մարդ:
Փորձագետներից շատերը, սակայն, համոզված են`144 միլիոն բնակիչ ունեցող երկրում հիվանդացության դեպքերը շատ ավելին են:
Մասնագետները կասկածի տեղիք տվող մի քանի փաստ են մատնաշում. նախ, մինչև վերջերս ստուգումն իրականացվում էր տեղական արտադրության թեստերով, որոնք մշակվել էին Նովոսիբիրսկում գործող լաբորատորիաներից մեկում` «Վեկտորում»: Ռուս գիտնականներին միավորող կայքերից մեկը օրերս գրել էր, որ այդ լաբորատորիայի թեստերը զգայուն չեն և հիվանդության առկայությունն արձանագրում են միայն այն դեպքում, երբ վիրուսը հասնում է որոշակի սահմանագծի:
«Հնարավոր է, որ«Վեկտորի» թեստերը ցույց են տալիս այսբերգի միայն վերին շերտը, արդյունքում պաշտոնական վիճակագրությունն իրական պատկերը չի արտացոլում», - գրել էին ռուս գիտնականները:
Կասկածի տեղիք են տալիս նաև մահվան ցուցանիշները. անցած շաբաթավերջին, մասնավորապես, Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խումբը հայտարարել էր, թե մահացել է 79-ամյա մի կին, որի մոտ բժիշկները Covid-19 էին հայտնաբերել: Որպես մահվան պատճառ, սակայն, պաշտոնյաները ոչ թե վիրուսն էին նշել, այլ կնոջ մոտ առկա մյուս հիվանդությունները, այդ թվում` շաքարային դիաբետը:
Ուկրաինայում արձանագրվել է մահվան չորրորդ դեպքը
Բնակչության թվով երկրորդ ամենամեծ երկրում` Ուկրաինայում, այսօր կորոնավիրուսից չորրորդ մահն է արձանագրվել, վարակված է 113 մարդ: Տեղի մասնագետների կանխատեսումներով, առաջիկա օրերին այս թիվը կարող է ավելանալ:
Պայքարին նախապատրաստվելու համար անցած շաբաթ նախագահ Զելենսկին հանդիպման էր հրավրել ուկրաինացի օլիգարխներին ու հորդորել պետությանը գումար, բժշկական սարքավորումներ ու դեղամիջոցներ նվիրաբերել:
Այսօր էլ Պաշտպանության նախարարությունն է մոբիլիզացիայի կոչով դիմել պահեստազորում գտնվող զինվորականներին, բժշկական ոլորտում փորձառություն ունեցող կամավորներին ու ուսանողներին. - «Պետությունը ձեր կարիքն ունի, մեզ կարող է պետք գալ յուրաքանչյուրի ներդրումը»:
Անցած շաբաթվանից մայրաքաղաք Կիևում, ինչպես նաև մի շարք շրջաններում արտակարգ դրություն է, հասարակական տրանսպորտը գործում է միայն հատուկ խմբերի` բժշկական անձնակազմի, փրկարարների, ոստիկանների ու խանութների աշխատակիցների համար:
Բելառուսի «առանձնահատուկ» ռազմավարությունը
Բելառուսի նախագահը որոշել է կորոնավիրուսի դեմ առանձահատուկ ռազմավարություն որդեգրել` ուղղակի ոչինչ չանել:
Երկրում բաց են բոլոր դպրոցներն ու հասարակական օբյեկտները, մարզական խաղերը շարունակվում են։ Ավելին` Բելառուսը որևէ երկրի հետ մինչև օրս տրասպորտային հաղորդակցությունը չի դադարեցրել:
«Սա հավասարազոր է հանցագործության», - օրերս հայտարարել էին ընդդիմադիր գործիչները։ Իսկ ավելի քան 17 հազար բելառուսցիներ ստորագրահավաքով դիմել էին նախագահին` գոնե դպրոցները փակելու խնդրանքով:
Լուկաշենկոն, սակայն, անդրդվելի է: «Ես ասել եմ ու կասեմ, որ սա պսիխոզ է», - հայտարարել է նա կառավարության նիստի ժամանակ` հավելելով, թե քաղաքակիրթ աշխարհն «ուղղակի խելքը թռցրել է»:
Ավելի վաղ Լուկաշենոն կորոնավիրուսից պաշտպանվելու և հիվանդությանը հաղթելու իր առանձնահատուկ դեղատոմսն էր առաջարկել` տրակտոր վարելուց մինչև չոր սաունա:
Ղրղըզստանում պարետային ժամը խախտողները կարող են զրկվել ունեցվածքից
Եվրասիական միության անդամ մյուս երկրի` Ղրղըզստանի մի շարք շրջաններում այսօրվանից պարետային ժամ է մտցված` երեկոյան ութից մինչև առավոտյան յոթը խստիվ արգելվում է տանից դուրս գալ: Կարգուկանոնին հետևում են ոչ միայն ոստիկանները, այլև զինված ուժերը: Կարգազանցները կարող են ոչ միայն վարչական տուգանքի ենթարկվել ու ազատազրկվել, այլև զրկվել սեփականությունից`խանութից ու բիզնեսից:
Թուրքմենստանում տեղաշարժը թույլատրվում է միայն բժիշկների թույլտվությամբ
Թուրքմենստանում երկրի մի մասից մյուսը տեղաշարժվելու համար պարտավոր ես բժշկի տեղեկանք ներկայացնել և հավաստել, որ վարակված չես: Դրա համար անհրաժեշտ է արյուն հանձնել, թոքերի ռենտգեն անցնել և ջերմաչափում անել` ոչ անվճար:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության, բուժզննության համար քաղաքացիները պարտավոր են մոտ տասը դոլար վճարել: Ընդ որում, սա պաշտոնական սակագինն է, իսկ իրականում բազմաթիվ են հաղորդումները, որ հիվանդանոցների ու պոլիկլինիկաների մոտ գոյացած հերթերում ոմանք ստիպված են լինում կաշառք տալ` տեղեկանքն արագ ստանալու համար:
Ադրբեջանում «այլ կանոններ են գործում»
Ադրբեջանում, իրավապաշտպանների խոսքով, Ալիևի վարչակազմը կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում է ընդդիմախոսներին լռեցնելու համար: Օրեր առաջ նախագահ Ալիրը սպառնացել էր` այսուհետ Ադրբեջանում բոլորովին այլ կանոններ են գործելու:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ հակաադրբեջանական ուժերը, ազգի դավաճանները, հինգերորդ շարասյունը, որն իրեն ընդդիմություն է կոչում, օգտվելով այս իրավիճակից, ինչ-ինչ սադրանքների դիմի, նրանց մեկուսացնելը արդեն դառնում է պատմական անհրաժեշտություն», - ելույթ ունենալով հեռուստատեսությամբ` զգուշացրել էր Ադրբեջանի ղեկավարը:
Ելույթից օրեր անց`այսօր արդեն երեք ընդդիմադիր հայտնվել է ճաղերի հետևում, ինչպես իրավաաշտպաններն են պնդում `կեղծ մեղադրանքներով:
«Բաքուն պարտավոր է անհապաղ ազատ արձակել նրանց», - այսօր հայտարարել է Միջազգային հեղինակավոր կազմակերպություններիցH uman Rights Watch-ը` կոչ անելով Ալիևին ընդդիմությանը ճնշելու փոխարեն ուժերը կենտրոնացնել առողջապահական խնդիրների կարգավորման վրա: