Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կքննարկի COVID-19 համավարակի կապակցությամբ Ղրղըզստանին ֆինանսական արտակարգ օգնություն տրամադրելու Բիշքեկի խնդրանքը:
Ենթադրվում է, որ Ղրղըզստանը կդառնա առաջին երկիրը, որը ԱՄՀ-ից արտակարգ եղանակով վարկ կստանա կորոնավիրուսից տուժած տնտեսությունը խթանելու համար: ԱՄՀ-ն դեռ չի հայտնել, թե ինչ գումար է խնդրել Ղրղըզստանը:
Բիշքեկի դիմումը կքննարկվի այս շաբաթվա ընթացքում: Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ նույնպես օգնության խնդրանքով են դիմել ԱՄՀ-ին:
Այս շաբաթ ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է, որ պատրաստ է մինչև 1 տրիլիոն դոլարի վարկեր տրամադրել համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեղմելու ծրագրերին:
«Շուրջ 80 պետություններ օգնություն են հայցում», - երեկ ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան:
Մարտի 24-ին առավոտյան Ղրղըզստանում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն են հայտարարել: