Կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը կանխելու համար Վանաձորի բժշկական կենտրոնի բոլոր մասնաշենքերի մուտքերը փակ են, բացառությամբ ընդունարանի, որտեղ խիստ հսկողություն է սահմանվել։ Հիվանդների տեսակցությունն արգելված է։ Բոլոր ներս մտնողների ջերմությունը չափում են, ձեռքերն ախտահանում։ Հայաստանում արտակարգ դրություն սահմանելուց հետո հիվանդանոցի միակ մուտքը հսկում են նաև ոստիկանները։
Բժշկական կենտրոնի համաճարակաբան Լաուրա Հակոբյանն «Ազատութան» հետ զրույցում փոխանցեց․ - «Յուրաքանչյուր ջերմող դեպք առանձնանում է մեկուսարանում, և մենք էպիդանամնեզ ենք հավաքում։ Եթե կասկածելի որևէ մի բան լինում է, անմիջապես տեղյակ ենք պահում ՀՎԿԱԿ-ին (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն), որի օգնությամբ է կատարվում այդ նմուշառումը»։
Համաճարակաբանն ասաց, որ անցած 20 օրերին ջերմության երկու դեպք են ունեցել, որոնց ախտանշանները նման են եղել կորոնավիրուսին։ Տեղյակ են պահել համապատասխան մարմիններին, նմուշառում արել։ Առաջին թեստը բացասական է եղել։ Երկրորդի պատասխանին դեռ սպասում են։ - «Առաջին դեպքի ժամանակ ինֆեկցիոն հիվանդանոցում դեռ դեպքեր չկային։ Մենք կարողացանք անմիջապես ուղակել ինֆեկցիոն հիվանդանոց, նմուշառումը կատարվեց ինֆեկցիոն հիվանդանոցում։ Բայց քանի որ ինֆեկցիոն հիվանդանոցում դեպքերը կան, և հնարավոր չի գործընթացը այս ձևով շարունակել, մենք երեկ ունեցել ենք նմապատիպ դեպք․ երիտասարդն իր կլինիկայով շատ չէր նման կորոնավիրուսին, բայց ինքը նշում էր, որ Էջմիածնի հետ ինչ-որ կոնտարկներ է ունեցել։ Եվ էպիդանամնեզից ելնելով, նմուշառումը իրականացվել է։»
Կասկածվող հիվանդը ձերբակալվածների պահման վայրից է, երկու օր առաջ է ձերբակվել։ Մինչև թեստի պատասխանն ունենալը նա կմնա հիվանդանոցի մեկուսարանում, որը հսկում են բանտապահները։
Բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը բաժանմունքներից իր աշխատասենյակ վերադառնալուց հետո մանրակրկիտ լվացվեց, ախտահանեց ձեռքերն ու պատասխանեց «Ազատության» հարցերին։
Նա փոխանցեց, որ հիվանդանոցում հետաձգվել են բոլոր պլանային վիրահատություններն ու ստացիոնար բուժումները։ Հիվանդներ ընդունում են միայն անհետաձգելի, կյանքին սպառնացող հիվանդությունների դեպքում։ Խիստ սահմանափակել են նաև ամբուլատոր հիվանդների հոսքը՝ կապված ոչ թե հիվանդանոցի ծանրաբեռնվածության, այլ համաճարակային խստացումների հետ․ - «Այդ բոլոր կարանտինային արտակարգ միջոցառումները արվում են նրա համար, որ մենք ունենանք որոշակի հիվանդների քանակ երկար ժամանակի մեջ։ Եթե մենք ունենանք շատ հիվանդներ կարճ ժամանակի մեջ, այդ դեպքում, երևի լսել եք, գործում են պատերազմական օրենքները այդ հիվանդների սորտավորման։ Այսինքն այդ հիվանդների մի մասը ընդհանրապես կարող է օգնություն չստանալ, որովհետև դա ֆիզիկապես հնարավոր չի անել»։
Մարզի ամենամեծ բժշկական կենտրոնի ղեկավարը, նշելով, որ հաճախ մարդիկ մատների արանքով են նայում ինքնամեկուսացման պահանջներին, մեկ անգամ ևս հորդորում է. տանը մնալ, նվազագույնի հասցնել շփումներն ու հաճախակի լվացվել․ - «Հարգելի մեր ժողովուրդ ջան, ցավոք սրտի, ես տեսնում եմ, որ մենք պահպանում ենք այդ կանոնները, բայց մարդիկ սովորական կյանքով ապրում են, գնում են շուկաներ, մարդաշատ վայրեր։ Մինչև երեկ ես նույնիսկ ապշած տեսնում էի կաֆեներում, ռեստորաններում․․․ թաղման արարողություններ․․․ Մարդիկ, ցավոք սրտի, դեռ անլուրջ են վերաբերվում»։
Բժիշկները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ աշխատում են գերլարված իրավիճակում և հորդորում բնակիչներին հարգել իրենց աշխատանքը։