Պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։
Նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը ասել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել»:
Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրել է, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և «յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը»:
«Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ», - հայտարարել է փոխվարչապետը:
Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: