«Կարծում եմ, որ թե՛ պարոն Ծառուկյանի, թե՛ իմ պարագայում, թե՛ որևիցե մեկի պարագայում քաղաքական մեկնաբանություններ անելը և ընդհանուր առմամբ հիմա գնահատականներ շռայլելը սխալ է, որովհետև աշխարհը նման իրավիճակ չի ունեցել», - այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե աշխատողներին հարկադիր պարապուրդի ուղարկելու համար պետությունը պետք է փոխհատուցում տրամադրի:
«Աշխարհը նման փորձ չունի, և նույնիսկ Անգլիայի վարչապետն է հայտարարություն անում, որը հետագայում նոր ինֆորմացիան գալուն պես մեկ այլ գործողության է բերում: Կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի արտահայտությունները կամ որևիցե քաղաքական գործչի գնահատականների մասին խոսելը, շտապելը սխալ է, որովհետև նախադեպ չունեցող աշխարհում իրավիճակ է», - հայտարարեց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ պարետատունն աշխատում է և տարբեր հնարավոր սցենարներ քննարկվում են, «ինչպես նաև սիմուլյացիաներ են արվում, այսինքն՝ այս իրավիճակում` ինչ հնարավոր է լինի՝ վատ զարգացում, միջին զարգացում, լավ զարգացում: Դա արվում է անընդհատ, և այդ պրոցեսը, կարծում եմ, ճիշտ է և չի կանգնելու»:
Սիմոնյանը, նաև անդրադառնալով մեդիայի սահմանափակումներին՝ կապված արտակարգ դրության հետ, նշեց, որ այսօր իշխանությունն այնքան բաց է, որ որևիցե սահմանափակումների մասով խոսելը և անհանգստանալն անտեղի է:
«Խոսքը սահմանափակումների մասին չէ, որ գնում է միայն կորոնավիրուսի մասին, միևնույն ժամանակ իշխանությունը բաց է: Մենք ունենք դեպք, որ ադրբեջանցի հակերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է նաև սա հաշվի առնենք: Իսկ ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք ցենզուրայի մասին, ցենզուրան վերաբերվել է, վերաբերվում է կորոնավիրուսին, կորոնավիրուսի հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում մաքսիմում կես ժամվա, մեկ ժամվա ընթացքում տեղեկացնում է հանրությանը: Կարծում եմ՝ անհանգստությունը մի քիչ ուրճացված է», - ասաց նա:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ Հայաստանն այսօր մտնում է այն եզակի երկրների շարքի մեջ, որոնք ինֆորմացիոն առումով ամենաբացն են: