«Հույս կա, որ վաղը մեծ թվով թե՛ առողջացած քաղաքացիներ ենք ունենալու, թե՛ մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ», - այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:
«Ինչպես վարչապետը նշեց՝ մենք ունենք 235 դրական թեստ այս պահի դրությամբ, և ուզում եմ հիշեցնել, որ այս թեստերի մի մասը պարզապես ասիմպտոմատիկ դեպքեր են, որոնք որ նույնիսկ գանգատ չեն ունեցել», - ասաց նախարարը:
«Ես հույս ունեմ, որ վաղը, երբ որ մենք թեստավորենք մեկուսացման վայրերից մեկում եղած մեր քաղաքացիներին, նրանց մեջ է լինելու նաև այս 15 ասիմպտոմ դեպքերը, և եթե դրանք բացասական լինեն, ինչի բոլոր նախադրյալները կան, մենք կարող ենք միանգամից այս 235 թվից հաշվել 15 առողջացած կամ որևէ թիվ առողջացած քաղաքացիների, որի հավանականությունը պարզապես շատ մեծ է», - նշեց Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ բացասական են եղել առաջին պացիենտի կնոջ թեստի արդյունքները, որի թեստի պատասխանը դրական էր եղել որոշ ժամանակ առաջ:
«Վաղը թեստավորելու ենք մեր առաջին պացիենտի հետ շփված ևս մեկ քաղաքացու: Այսինքն՝ հույս կա, որ վաղը բավական մեծ թվով թե՛ առողջացած քաղաքացիներ ենք ունենալու, թե՛ մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ, մի քանի տասնյակ՝ 50, 60, նույնիսկ 70 հոգի», - հայտարարեց առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ «այս պահին վերակենդանացման բաժանմունքում, սակայն ոչ արհեստական շնչառության տակ, այսինքն՝ կայուն վերահսկվող վիճակում, կյանքին, էս պահին առնվազն, չսպառնացող վիճակում ունենք վեց քաղաքացիներ»:
«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք առնվազն փորձարարական մակարդակով աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար: Բոլոր դեղերը, որոնք որ աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք», - ընդգծեց նա:
Նախարարը հայտարարեց, որ պարետի կողմից լինելու է գործունեության բազմաթիվ տեսակների սահմանափակում առնվազն մեկ շաբաթով:
Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։