Աբխազիայի ընդդիմության առաջնորդը նախագահ է ընտրվել

Աբխազիա- Միասնական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան քվեարկում է ընտրատեղամասում, 22 մարտի, 2020թ.

Կիրակի օրը Աբխազիայում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում համոզիչ հաղթանակ է արձանագրել միասնական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան: Նրա օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած ընտրողների 56 տոկոսը:

Նրա հիմնական մրցակցի` փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբայի օգտին է քվեարկել աբխազ ընտրողների ավելի քան մեկ երրորդը` 35 տոկոսը: Արձինբան, որ մի շարք տեղեկությունների համաձայն` վայելում էր պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, կեսգիշերին մոտ ժամանել է Բժանիայի շտաբ` շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի առիթվ:

Խորհրդարանի պատգամավոր Բժանիան 56 տարեկան է, 2010-ից 2014 թվականներին զբաղեցրել է Աբխազիայի պետանվանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը ծագեց հունվարին Սուխումիում տեղի ունեցած անկարգություններից և ինքնահռչակ հանրապետության չորրորդ նախագահ Ռաուլ Խաջիմբայի` դրան հետևած հրաժարականից հետո: