Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 190-ի

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած օրում աճել է ևս 30-ով՝ հասնելով 190-ի: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը: Բուժվածների թիվը երկուսն է:

Մարտի 20-ին, դեպքերի թիվն աճել էր 24-ով` հասնելով 160-ի:

Երեկ, երբ դեպքերի թիվը դեռևս 160-ն էր, Առողջապահության նախարարությունից հայտնել էին՝ 133-ը փոխկապակցված են Էջմիածնի նշանդրեքի ու Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասի հետ։ Իսկ մնացած 27 հիվանդների հետ սերտ շփում ունեցած անձինք մեկուսացված են, շփումների մյուս շրջանակն էլ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Վարակվածների վերաբերյալ տվյալները Առողջապահության նախարարությունն արդեն թարմացնում է օրը մեկ անգամ՝ առավոտյան ժամը 10-ին։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն արձանագրվել է մարտի 17-ին, երբ հայտարարվեց 33 հաստատված դեպքի մասին։ Իսկ հաջորդող օրերին ավելի քիչ դեպքեր են արձանագրվել։

Մեկուսացման պահանջները խախտելու համար ազատազրկում կամ տուգանք սահմանելու նախագիծը մարտի 20-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց։

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։