Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ղեկավարը պնդում է՝ հնարավոր չէ ապահովել արտակարգ դրության բոլոր պայմանները

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյան, արխիվ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյանը պնդում է՝ ավելի քան 2 հազար աշխատող ունեցող ֆաբրիկայում հնարավոր չէ ապահովել արտակարգ դրության պարետատան բոլոր պահանջները։

Հանգստյան օրերին պատասխանատուների հետ քննարկում են ստեղծված իրավիճակը։ Ելքեր չգտնելու դեպքում ստիպված կլինեն դադարեցնել արտադրությունը, ասաց Հայաստանի ամենամեծ թվով աշխատողներ ունեցող արտադրական ձեռնարկության ղեկավարը։

«Շատ պահանջներ կան, որոնք որ անհնար են: Հիմա իրանք էլ կարող է հասկանան, որ դա անհնար է, բայց, միաժամանակ, արտադրությունները փակելն էլ լավ չի», -«Ազատության» հետ զրույցում նշեց Դարբինյանը:

Արտակարգ դրության պարետի ցուցումով կազմակերպություններում առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու համար պետք է յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով ապահովել առնվազն մեկ ծորակի առկայություն՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար: Աշխատավայրում ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը պարտադիր է: Պարետն իր ցուցումով նաև պահանջել է ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորություն:

Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասաց՝ դեռևս 10 տարի առաջ կառուցված ֆաբրիկան անհնար է հարմարեցնել այս պահանջներին. - «Էդ երկու մետրն էլ չի հնարավոր, ախտահանումը դե հնարավոր է, բանական է, և էդ լվացարանները՝ 10 հոգուն՝ մի հատ, էլի հնարավոր չի, էդ ձևի բան չի նախատեսված, գործարանը որ նախագծվում է կամ կառուցվում է, 40 հոգուն մի հատ է նախատեսվում՝ լվացարան, նույնիսկ` զուգարան: Հիմա դու 10 տարի առաջ չես կարա իմանաս, որ կորոնավիրուս կարա լինի: Ո՞րտեղ դնեմ դա ես»:

Պարետը կազմակերպություններին նաև ցուցում է տվել ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ՝ բազմազավակ մայրերի, 60 տարեկան և ավելի տարիք ու որոշակի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։

Ֆաբրիկայի սեփականատերը պնդում է, որ աշխատակիցների թիվը նվազեցնելու դեպքում արտադրական պրոցեսը կխաթարվի։ «Ո՞նց նվազեցնեմ, 40 հոգով մի հատ գործ են անում, 5 հոգի հանեցիր՝ վերջացավ, արդեն էդ չի կարա կատարվի, էլի, աշխատանքի բաժանում կա: Որովհետև ինքը պրոցեսային է գնում, ոնց որ, կոնվեյեր է, յուրաքանչյուր մարդ մի փոքրիկ օպերացիա է անում, վերջում ստացվում է: Հիմա, եթե էդ երկուսին հանես՝ վերջացավ, 5-ին հանես՝ անհնար է էդ անելը», - ընդգծեց Դարբինյանը:

Ամսական 300 միլիոն դրամ աշխատավարձ և 120 միլիոն դրամ հարկ վճարող ֆաբրիկան աշխատանքը դադարեցնելու դեպքում մեծ կորուստներ կունենա, ասում է «Գլորիա»-ի ղեկավարը։ Ենթադրում է, որ չի կարողանա աշխատավարձ վճարել հարկադիր պարապուրդի դեպքում։

«Վնասն ինչ՝ հարկերը չենք կարա մուծենք, էդ՝ մեկ, աշխատավարձի հարց կառաջանա: Բավականին մեծ վնասներ կլինի», - նշեց Դարբինյանը:

Նշենք, որ կառավարությունում օրենսդրական նախագիծ է պատրաստվում, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները։ Այն հնարավորություն կտա հարկադիր պարապուրդում հայտնված աշխատողներին որոշակի չափով վարձատրություն ստանալ։