Անկարան հերքում է Իդլիբից թուրքական զորքերի դուրսբերման մասին տեղեկությունները

Սիրիա - Թուրքական զինված ուժերի ավտոշարասյունը Իդլիբ նահանգում, մարտ, 2020թ.

Պաշտոնական Անկարան բացառում է թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգից: Այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը` նշելով, որ թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող նման բովանդակության լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են կյանքի կոչվել: Մենք շարունակում ենք անել ամեն ինչ Իդլիբում արյունահեղությունն ու մարդասիրական ճգնաժամը դադարեցնելու համար», - նշում են Թուրքիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները` հավելելով. - «Որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկությունները, թե թուրքական բանակի ստորաբաժանումները դուրս են բերվում Իդլիբից, իրականությանը չեն համապատասխանում»:

Մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել են Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատել: