Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 160-ի

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է ևս 24-ով՝ հասնելով 160-ի: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:

Գիշերը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվածների թվում ռենտգենով հաստատված թոքաբորբով 11 հիվանդ կա, 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Նոր դեպքերի վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ հիվանդությունից առայժմ մեկ մարդ է ապաքինվել:

Նախորդ օրը՝ մարտի 20-ին, նոր դեպքերի թիվն աճել էր 26-ով: Առայժմ մեկ օրում ամենամեծ թվով դեպքեր՝ 33, գրանցվել են մարտի 17-ին:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։