Առ այսօր հայկական Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված որևէ անձ չի հայտնաբերվել, ուրբաթ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն` ուրբաթ երեկոյան Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը 136-ն է։
«Կարող է լինեին այդպիսի դեպքեր, բայց այսօրվա ժամը 19-ի դրությամբ մենք որևէ դեպք չունենք: Հավատացնում եմ բոլորին, որ մենք շատ խիստ ենք ամեն ինչին վերաբերվում, շատ խիստ վերահսկում ենք և յուրաքանչյուր ահազանգի բացահայտման դեպքում պատրաստ ենք շատ արագ կատարել մեր առջև դրված խնդիրները: Ներկա պահին որևիցե խնդիր չունենք», - վստահեցրեց Սահակ Օհանյանը:
«Ազատության» հարցին` այսօրվա դրությամբ հայկական Զինված ուժերում կորոնավիրուսի որևէ դեպք չի՞ գրանցվել, նա պատասխանեց` այո, չի գրանցվել:
Գնդապետ Օհանյանը հիշեցրեց, որ դեռևս փետրվարի 25-ին Զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցությունից հետո Զինված ուժերն անցել են խիստ հակահամաճարակային ռեժիմի. - «Դա նախատեսում է, որ բոլոր զորամիավորումներում, միավորումներում և զորամասերում բժշկական ծառայությունն անցավ ուժեղացված աշխատանքային իրավիճակի, զորամասերում արգելվեցին ժամկետային զինծառայողների արձակուրդների տրամադրումը, բոլոր կարգի արձակուրդները, ներառյալ վերականգնողական արձակուրդները, և թույլատրվեց միայն օրենքով սահմանված արձակուրդի մեկ տեսակ, որը նախատեսում էր մերձավորների մահվան կամ հարսանիքի կապակցությամբ արձակուրդ»:
Ըստ Սահակ Օհանյանի` Զինված ուժերում հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար լրացուցիչ նյութեր ու պարագաներ են կուտակվել։ Ինչ վերաբերում է սպաներին, որոնք պարբերաբար ելումուտ են անում զորամաս, ապա յուրաքանչյուր անգամ նրանք ենթարկվում են պատշաճ ստուգման։
«Մենք ամեն ինչ անում ենք և անելու ենք, որ Զինված ուժեր հնարավորինս չներթափանցի: Ներկա իրավիճակը մեզ համար ոնց որ զորավարժություն լինի, երևի սրանից «լավ պայմաններ» մեզ համար չէին կարող լինել, որովհետև մենք մաքսիմալ աշխատանքներ ենք կատարում, և այս պայմանները մեզ համար մոտեցված են պատերազմականին: Ես այսօր դրա համար եմ այս համազգեստով եկել», - նշեց գնդապետ Օհանյանը: