Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ամեն օր կրկնապատկվում է: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ երկրում COVID-19-ի հայտնաբերման 1981 թեստ է իրականացվել, որոնցից 359-ը դրական արդյունք են տվել: Վարակի հետևանքով 4 քաղաքացի է մահացել: Շուրջ 10 հազար հոգի կարանտինային պայմաններում է գտնվում:
Երկրի ամբողջ տարածքում շարունակվում են արտակարգ միջոցառումները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Սելջուկը հայտարարել է, որ պետությունը 2 միլիարդ լիրա է հատկացրել կարիքավոր մարդկանց դիմակներ և ախտահանիչ միջոցներ բաժանելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Ուշադրության կենտրոնում հատկապես ծերերն են, երկրի շուրջ 400 ծերանոցներում ավելացրել են բուժաշխատողների թիվը, ապրիլից նվազագույն թոշակը կբարձրանա 50 տոկոսով:
Ուսումնական հաստատությունների, մզկիթների, կինոթատրոնների, թատրոնների, ակումբների, հանրային այլ օբյեկտների միառժամանակյա փակման հետ մեկտեղ, Թուրքիայում աստիճանաբար փակվում են նաև մի շարք ձեռնարկություններ և խանութների ցանցեր:
Հետևելով իշխանությունների՝ տանը մնալու կոչերին, բազմաթիվ ընկերություններ հայտարարել են իրենց գործունեությունն այսօրվանից առցանց շարունակելու մասին:
Այնուհանդերձ, թուրքական իշխանություններն առայժմ չեն պատրաստվում երկրում արտակարգ դրություն սահմանել:
Միևնույն ժամանակ, երկրի ողջ տարածքում շարունակվում են ախտահանման զանգվածային միջոցառումները: Հիվանդանոցներն աշխատում են արտակարգ ռեժիմով:
Առողջապահության նախարարի կոչով, երեկ երեկոյան երկրով մեկ քաղաքացիները իրենց տների պատուհաններից ու պատշգամբներից ծափահարում էին կորոնավիրուսի դեմ օրուգիշեր պայքարող բուժաշխատողներին: