ԲԴԽ-ն պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Քոչարյանի և Խաչատուրովի փաստաբաններին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան, արխիվ

Փաստաբանների պալատն արդեն ստացել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի դիմումը, որով առաջարկվում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբաններից մի քանիսին։

Իր դիմումում Ռուբեն Վարդազարյանը նշել է փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի անունները՝ դրան կցելով անցած երեքշաբթի դատարանի դահլիճում տեղի ունեցածի տեսագրությունը։

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չէր կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Փաստաբանները նույն օրն առավոտյան էին տեղեկացել դատավորի վատառողջ լինելու և նիստին չմասնակցելու մասին, բայց շտապել էին դատարան՝ որոշակի հարցեր ճշտելու։ Այդ օրը դատարան էին պատրաստվում գալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին 4 վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Անուշավան Դանիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար անձնական երաշխավորություն ներկայացնելու։

ԲԴԽ նախագահի կարծիքով՝ կարգապահական պատասխանատվության ենթակա 3 փաստաբանից և ոչ ոք չի ընդունում, որ անհարգալից է վերաբերվել դատարանին։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը պնդում է՝ պետք է տարբերակել դատարանն ու դատարանի շենքը։ Ալումյանն այդ օրը, ձեռքը սեղանին խփելով՝ պահանջներ էր հնչեցնում, ինչը լսելի չէր ձայնամեկուսիչ ապակու մյուս կողմում գտնվող լրագրողներին։

«Նախևառաջ ինքը պետք է պատկերացնի, որ եթե դատարանի շենքում ինչ-որ մի բան է կատարվում, ապա դա նույնը չի, ինչ որ դա կատարվում է դատարանում, այսինքն՝ դատարան, որպես այդպիսին, այդ օրը չի հավաքվել այնտեղ, այնտեղ դատ չի եղել, դատավորը չի եկել: Դատարան, որպես այդպիսին, այնտեղ գոյություն չի ունեցել: Դատարանի նկատմամբ վերաբերմունք դա չի կարող կոչվել», - ասաց Ալումյանը:

Փաստաբանները հիշեցնում են մոտ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանի կողմից դատարանները արգելափակելու կոչը, ինչպես նաև պատերի տակ վնգստացող դատավորների մասին արտահայտությունը։

«Վարդազարյանը թող դրանք հիշի», - հորդորում է նախկին նախագահ Քոչարյանի փաստաբան Ալումյանը։

«Իրենց ամոթալի վերաբերմունքն այդ խոսքերին այդ ժամանակ, որ ոչ միայն չդատապարտեցին, ոչ միայն գոնե սուս չմնացին, այլ՝ հլը պարոն Վարդազարյանը, շարունակելով վարչապետի այդ ասածը, ինքն էլ իրա հերթին ասաց, որ, այո, վնգստացող դատավորներ կան համակարգի մեջ», - նշեց փաստաբանը:

Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահի մյուս փաստաբանը՝ Հովհաննես Խուդոյանը, որն այդ օրը նստել էր դատախազների համար նախատեսված աթոռին, շեշտում է՝ այլ գործերի դեպքում իրեն բավարարել է հեռախոսազանգը:

«Շատ այլ դեպքերում մենք այդքանով կսահմանափակվեինք ու սահմանափակվել ենք: Այսօր, օրինակ, մի գործով տեղեկացրել են, որ դատախազը չի ներկայանալու, դրա համար նիստը չի կայանալու, բայց քանի որ դա հնչեղություն ունեցող գործ չի ու այդ գործում մենք չենք տեսնում բոլոր այն ստվերային գործընթացները, որը տեսնում ենք այս գործով, ինչ-որ չափով, պայմանական ասեմ, մեր աշխատանքում կարանք թույլ տանք թերանանք, թերանալ ասածը պայմանական եմ ասում, այսինքն՝ 100 տոկոսանոց չաշխատենք, այս գործի պարագայում դա անհնար է, որովհետև յուրաքանչյուր դրվագ էական նշանակություն է ունենալու գործի ճակատագրի վրա», - ասաց Խուդոյանը:

Դատավորի աթոռին նստելը անհարգալից վերաբերմունք չէ, պնդում է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ վկայակոչելով ոմանց, ովքեր Երոպական դատարան այցելելիս հենց նման կերպ են վարվում։

Փաստաբանները պնդում են՝ եթե դատական նիստերի քարտուղարը գար նիստերի դահլիճ և հայտներ նիստը հետաձգելու մասին, իրենք դա կհամարեին ճիշտ։ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, որն այդ օրը նստել էր դատավորի աթոռին, պնդում է՝ այդ պարագայում նման բան չէր անի։

«Դատավորի աթոռին նստելը՝ ինքներդ կարող եք ուսումնասիրել համացանցը, և դատարանների տարբեր աշխատակազմներում աշխատող տարբեր աշխատակիցներ իրենց սոցիալական ցանցի էջերում ունեն նկարներ, որոնք որ նկարվել են հենց դատավորի համար նախատեսված սեղանին», - նշեց Խաչատուրովի պաշտպանը:

Փաստաբան Պողոսյանը համակարծիք է գործընկերների հետ, որ եթե նիստը նշանակված էր ժամը 13-ին, ուրեմն հենց այդ ժամին էլ դատարանի աշխատակազմից որևէ մեկը պետք է իրենց տեղեկացներ դատավորի վատառողջ լինելու և չներկայանալու մասին։ «Մենք չէինք պահանջում, որ դատավոր Դանիբեկյանը գար նիստերի դահլիճ ու հայտներ իր վատառողջ լինելու մասին», - ասում է Խաչատուրովի փաստաբանը։

«Որևէ բան չէր խանգարում, եթե որևէ դատավարության մասնակից չներկայանար ու չպարզվեր, որ տիկին Դանիբեկյանը գտնվում է անաշխատունակության մեջ, էս գործի տրամաբանությունից, էս գործի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, մենք կարող է վաղն ականատես լինեինք, որ դատական նիստը չի կայացել կողմերի բացակայության պատճառով», - հավելեց Պողոսյանը:

Քոչարյանի փաստաբանները դիմել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով գործը մակագրել մեկ այլ դատավորի՝ Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով։

Փաստաբանների պալատի խոսնակ Հայկ Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց՝ պալատի նախագահը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ հարուցելը մերժելու վերաբերյալ: Այդ ընթացքում պալատի ղեկավարությունը կարող է բացատրություն պահանջել փաստաբաններից կատարվածի վերաբերյալ։