ԱՄՆ-ը կորոնավիրուսի հետևանքով տուժածներին 100 մլրդ դոլարի օգնություն է տրամադրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 18-ը մարտի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի հետևանքով տուժածներին օգնություն տրամադրելու մասին հատուկ որոշում է ստորագրել: Խոսքն ավելի քան 100 միլիարդ դոլարի մասին է, որը կուղղվի մարդկանց անվճար թեստավորելուն, վարակվածները ֆինանսական աջակցություն կստանան, բացի այդ՝ աշխատողներին կտրվեն լրացուցիչ գումարներ համավարակի տարածումից բխող ֆինանսական այլ կարիքները հոգալու համար։

Սպիտակ տունը և Կոնգրեսը քննարկում են նաև ամերիկյան տնտեսությունը խթանելու նպատակով ավելի քան մեկ տրիլիոն դոլար հատկացնելու նախաձեռնությունը։ Այն ենթադրում է արտակարգ ֆինանսական աջակցություն համավարակի տարածումից առավել տուժած մի շարք առանցքային ոլորտների՝ օդանավեր և մեքենաներ արտադրող ընկերություններին, զբոսաշրջության բիզնեսին և նույնիսկ կինոթատրոններին։

Նախօրեին ներկայացնելով կառավարության այս քայլերը՝ Միացյալ Նահանգների նախագահն իրեն անվանել է պատերազմական ժամանակաշրջանի նախագահ և տեղեկացրել, որ դիմում է 1950 թվականին ընդունված պաշտպանական արտադրության մասին օրենքին: Կորեական պատերազմի ժամանակ ընդունված օրենքը նախագահին արտակարգ լիազորություններ է տալիս` պահանջել ընկերություններից ընդլայնել արտադրանքը, մասնավորապես՝ թողարկել կենսական կարևորության ապրանքներ:

Վերջին անգամ Սպիտակ տան ղեկավարն այդ օրենքը կիրառել էր երեք տարի առաջ՝ Պուերտո Ռիկոյի ավերիչ փոթորիկի ժամանակ:

«Սա պատերազմ է», - հայտարարել է Թրամփը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը համեմատելով այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: «Մինչ օրս որևէ մեկը նման բան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Այժմ մեր հերթն է, մենք պետք է միասին զոհաբերենք, որովհետև բոլորս նույն նավի մեջ ենք, և խնդիրը կհաղթահարենք միասին: Մեր դիմաց աներևույթ թշնամի է՝ ամենաբարդը բոլորից, բայց մենք նրան կոչնչացնենք, ես կարծում եմ՝ մենք կհաղթահարենք ավելի արագ, քան նախատեսում էինք, և դա կլինի լիարժեք հաղթանակ», - անցած գիշեր հայտարարում էր ԱՄՆ նախագահը:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 9 հազար է, մահացել է առնվազն 139 մարդ: Համաճարակը տարածվել է Ամերիկայի բոլոր նահանգներում անխտիր: Նախօրեին երկու կոնգրեսականներ՝ Ֆլորիդայից ընտրված Մարիո Դիաս-Բալարտը և Յուտայից՝ Բեն ՄըքԱդամսը հայտնել են իրենց մոտ վարակի առկայության մասին:

Վաշինգտոնում չեն բացառել, որ վարակի տարածումը կանխելու համար երկրի ներսում տեղաշարժի սահմանափակումներ կմտցվեն, կառավարությունն արդեն փակել է Կանադայի հետ սահմանը, Միացյալ Նահանգները նաև դադարեցրել է վիզաների տրամադրումը: