Կառավարության այսօրվա որոշմամբ մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։
Ըստ որոշման, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և Ավինյանի գրասենյակն էլ ապահովելու է պարետատան աշխատանքների սպասարկումը։
Ըստ այսօրվա որոշման, Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։ Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Հանրային միջոցառումներ են դիտարկվում քսան և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող համերգները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և պարետի ցուցումով այլ միջոցառումներ:
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Որևէ տնտեսական գործունեություն, բացի սրանցից, չի արգելվում։ Սրանք էլ չի արգելվում․ որ մեկ չի ասում ռեստորանի աշխատակիցներին՝ մի եկեք աշխատանքի, կամ փակեք ռեստորանը։ Սակայն մասսայական միջոցառումներ չպետք է իրականացվեն նման հաստատություններում։ Իսկ ինչ վերաբերում է պարենային, տնտեսական, դեղորայքի մատակարարում և այլն, դրանք ամբողջը մնում է նույնը։ Երկրում կա բավարար պաշար թե՛ սննդամթերքի և թե՛ դեղորայքի։ Այդ մասով մենք խափանումներ որևէ տեսակի չենք սպասում։ Ավելին, սահմանային անցակետով սահմանափակումները չեն վերաբերելու բեռներին՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային։ Մենք կարծում ենք, որ այս իրավիճակը ինչքան էլ որ արտակարգ լինի, մենք կարողանալու ենք հաղթահարել կամ առնվազն մեղմացնելու ենք այն բոլոր ռիսկերը, որոնք առկա են մեր նման շատ երկրներում», - ասաց Արսեն Թորոսյանը։
Պարետի ցուցումով համապատասխան համայնքի վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները` համայնքի վարչական սահման մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, անձանց մեկուսացում, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում, անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր, տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք։ Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:
Հայաստանի սահմանը հատելիս մեկ ամսվա ընթացքում առկա են մի շարք սահմանափակումներ։ Ռուստամ Բադասյանը մանրամասնեց․ - «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը թույլատրվում է, Հայաստանում օրինական բնակվելու իրավունք ունեցող այլ անձանց մուտքը թույլատրվում է, դիվանագիտական և այլ նմանատիպ անձնակազմի մուտքը թույլատրվում է։ Չի թույլատրվում այն անձանց մուտքը, որոնք համաճարակի առումով որոշակի ակտիվություն ունեցող երկրների ցանկում են։ Դա պարետի կողմից առանձին կանոնակարգման ենթակա հարց է։ Հայաստանը ցամաքային սահմանով չեն կարող լքել, օդային սահմանով կարող են Հայաստանի Հանրապետության տարածքը լքել և վերադարձի դեպքում ուղղակի կարանտինային ստուգում անցնել [և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ օտարերկրացիները]»։
Ի դեպ, ինչ վերաբերում է ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին, ապա ըստ Սահմանադրության 208-րդ հոդվածի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: