Այս օրերին, երբ նոր կորոնավիրուսի համաճարակը տարածվում է աշխարհով մեկ, ամենից հաճախ հնչող հարցերից մեկն է` կա՞ արդյոք դրա դեմ հատուկ պատվաստանյութ: Հակիրճ պատասխանն է` ոչ, առայժմ չկա:
Մյուս կողմից, փաստ է, որ աշխարհի գիտնականներն ու բժիշկները երբևէ որևէ վիրուսի տարածումը կանխելու համար այսքան եռանդագին ու նպատակաուղղված չեն աշխատել, ինչպես հիմա: Մի քանիսն արդեն հասել են փորձարկումների ամենակարևոր փուլին։ Եզրագիծը առաջինը հատելու համար, ըստ արևմտյան լրատվամիջոցների, գերտերությունները սկսել են միմյանց դեմ պայքարել:
Եվ այսպես, ո՞ւր են հասել հետազոտությունները, և ե՞րբ կարող ենք հստակ արդյունքներ ակնկալել։
Forbes֊ի տվյալներով, այս պահին աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ քսան տարբերակ է մշակվում: Պայքարին միացել են դեղագործական ոլորտի առաջատարները, այդ թվում` ամերիկյան Johnson & Johnson-ը, ֆրանսիական Sanofi-ին, գերմանական CureVac-ը, ինչպես նաև մի շարք հետազոտական խմբեր Չինաստանից, որտեղից էլ նոր հիվանդությունը սկիզբ էր առել անցած տարեվերջին: Ընդ որում, ամերիկյան երկու ընկերություն հայտարարում է, թե արդեն հասել է վերջին` մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու փուլին:
Այդ ընկերություններից մեկը Մասաչուսեթսում` Քեմբրիջում հիմնադրված Moderna Therapeutics-ն է, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը, ի դեպ, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է:
Moderna Therapeutics-ի գիտնականները պատվաստանյութի փորձնական նմուշը ստեղծել են ռեկորդային ժամանակահատվածում` մոտ 40 օրում, քանի որ որդեգրել են ավանդական մեթոդներից տարբերվող `նոր ռազմավարություն:
Մինչև օրս որևէ վիրուսի կամ բակտերիայի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար մասնագետները բազմացնում էին դրանց բջիջներն ու ներարկում մարդկանց փոքր չափաբաժիններով, որպեսզի առողջությանը չվնասեն, միաժամանակ` ստիպեն օրգանիզմին «ճանաչել» նոր վարակն ու դրա դեմ հակամարմիններ ստեղծել: Գործընթացը ավարտին հասցնելու` անհրաժեշտ քանակով վիրուսներ բազմացնելու, դրանց ներարկման ճիշտ չափաքանակը որոշելու համար տարիներ էին պահանջվում: Moderna Therapeutics-ի գիտականները, մինչդեռ, ոչ թե վարակում, այլ` «կրթում» են մարդու իմունային համակարգը` նրան փոխանցելով նոր վիրուսի գենետիկ կոդի մասին տեղեկություններ:
«Մենք, այսպես ասած, համակարգչային ծրագիր ենք ներդնում, օրգանիզմին ուղեցույց ենք տալիս` վիրուսի դեմ պայքարելու համար», - «Թայմ»-ին ասել է Moderna Therapeutics-ի նախագահ Ստեֆըն Հոգը:
«Մենք պետք է շատ արագ գործենք, առաջիկայում կարող են նոր վիրուսներ ու համաճարակներ բռնկվել: Եվ սա գուցե դրանց դեմ արդյունավետ պայքարելու մեր միակ զենքն է», - հավելել է նա:
Մասնագետները պնդում են, որ այս մեթոդը ոչ միայն ժամանակ է խնայում, այլև ավելի արդյունավետ է և նախընտրելի առողջության համար:
«Երբ մենք սովորեցնում ենք ճանաչել նոր վարակը, իմունիտետը դրա դեմ պայքարելու համար արտադրում է ճիշտ այնքան հակամարմիններ (այս դեպքում`վիրուսային սպիտակուց), որքան անհրաժեշտ է», - ասել է Հոգը: Associated Press-ը, հղում անելով ամերիկյան կառավարության իր աղբյուրներին, հաղորդում է, որ Moderna-ն այսօր արդեն Վաշինգտոնում կսկսի նոր կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը փորձարկել մարդկանց վրա:
Այս ճանապարհին Մոդեռնայի հիմնական մրցակիցը գերմանական Curevac-ն է։ Թյուբինգենում հիմնադրված ընկերությունն ընտրել է պատվաստանյութի ստեղծման միևնույն տեխնոլոգիան, սակայն փորձարկման տեմպերով հետ է մնում ամերիկյանից։ Ըստ ընկերության համահիմնադիր Ֆլորիան վան դեր Մուլբեի, առաջին նմուշը ակնկալում են ստանալ հունիս֊հուլիսին, ինչից հետո միայն կսկսեն թեստերը, նախ կենդանիների, հետո` մարդկանց վրա․ - «Գործընթացը մի քանի փուլով է ընթանում, և իհարկե, շատ բան կախված է նաև արդյունքներից: Եթե ամեն ինչ հաջող ավարտվի, ոլորտի վերահսկողն արդեն պետք է որոշի, թե երբ կարող ենք անցնել արտադրության»:
Գիտական փորձերը դեռ վերջնարդյունքին չեն հասել, սակայն, գերտերությունները արդեն իսկ սկսել են պայքարել դրանց համար: Գերմանական թերթերը, մասնավորապես, պնդում են, թե Միացյալ Նահանգների նախագահը օրեր առաջ Սպիտակ տանը հանդիպել է գերմանական ընկերության տնօրենին և համոզել, որ Curevac-ը արտադրությունը Նահանգներ տեղափոխի: Գերմանիայում ԱՄՆ դեսպանը հերքել էր Welt֊ում տպագրված այս տեղեկությունը, Բեռլինը, սակայն, Առողջապահության նախարարի մակարդակով հաստատել էր այն ու պնդել՝ որևէ երկիր չպետք է այս հարցում մենաշնորհ ունենա: Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է այսօր հանդիպել ընկերության ներկայացուցիչների հետ և անհրաժեշտ աջակցություն տրամադրել, որպեսզի նրանք շարունակեն աշխատանքը Եվրոպայում:
Հեռանկարային արդյունքներ է խոստանում նաև Ամերիկայում` Մերիլանդում գրանցված Novavax-ը: Ընկերությունը հայտարարում է, որ իր առջև խնդիր է դրել երեք ամսում` իննսուն օրում ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ու անցնել կլինիկական փորձարկումների: Ավելին, Novavax-ի հետազոտություններ գծով տնօրեն Գրեգորի Գլենը Reuters-ին ասել է, թե իրենց նպատակն է ստեղծել լայն սպեկտր ունեցող պատվաստանյութ, որը կարող է արդյունավետ լինել նաև այլ հիվանդությունների դեմ:
«Կորոնավիրուսի այս տեսակը կարող է մուտացիայի ենթարկվել ժամանակի ընթացքում, ուստի շատ կարևոր է, որ մենք ունենանք այնպիսի պատվաստանյութ, որն առավել լայն ազդեցություն կունենա: Բացի այդ, հնարավոր է, որ մենք առերեսվենք համաճարակի երկրորդ ալիքին, ասենք`ամռանն այն մի փոքր ընկրկի, հետո վերադառնա՝ ավելի մեծ թափով: Ուստի, մենք ուզում են պատրաստ լինել, անգամ, եթե վիրուսը մի փոքր փոփոխված վերադառնա», - ասել է Գրեգորի Գլենը:
Գիտական փորձերն ու հետազոտությունները, ըստ արևմտյան լրատվամիջոցների, շարունակվում են գրեթե 24-ժամյա ռեժիմով. մի կողմից օր֊օրի տարածվող կորոնավիրուսի վտանգն է ստիպում ժամանակ չկորցնել, մյուս կողմից` սեփական տնտեսական շահը: Հստակ է` կհաջողի նա, ով առաջինը կհասնի եզրագծին, այն էլ` ճիշտ ժամանակին:
Այդուամենայնիվ, անգամ այս պայմաններում, ըստ պաշտոնյաների ու գիտնականնների, նոր պատվաստանյութը հազիվ թե առաջիկա ամիսներին հասանելի դառնա․ դրա մշակումը կպահանջի առնվազն մեկ-մեկուկես տարի:
Մինչ այդ, ըստ բժիշկների, պաշտպանության լավագույն միջոցը շարունակում է մնալ անձնական հիգիենան ու աչալրջությունը: