Կառավարությունը որոշեց այսօր 18:30-ից արտակարգ դրություն հայտարարել ՀՀ-ի ամբողջ տարածքում

Կառավարության որոշմամբ Հայաստանի ամբողջ տարածքում այսօր` ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը սահմանվեց արտակարգ դրություն:

«Արգելվում է միայն այն քաղաքացիների մուտքը, ովքեր առողջապահության նախարարի որոշմամբ գալիս են այն երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը ծանր է կամ վերջին 14 օրվա ընթացքում գտնվեկ են այդպիսի երկրներում, և պարետն առանձին դեպքերում կարող է սահմանել որոշ բացառություններ», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նախագծի` արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կառավարության նիստի ընթացքում վարչապետը նշեց, որ ըստ էության ՀՀ քաղաքացիներին արգելում են ելքը ցամաքային ուղղություններով, իսկ օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները կանցնեն կարանտին:

Արտակարգ դրությունը սահմանում է նաև տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք, համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց, Առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովելու է Ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 30 դեպք կա: 19-ը Էջմիածնի հետ փոխկապակցված անձինք են, մեկ հոգի բուժվել է: 10 հոգուց 3-ը «Գոլդեն փելիսում» մեկուսացված անձինք են, մյուսը 3-ը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված մեկուսացում է իրականացվել, 4-ն առանձին տարածման դեպքեր են: