Մի շարք ռուսաստանցիներ «հակաիրավական» են որակել Սահմանադրության սպասվող փոփոխությունները

Ռուսաստան-Սանկտ Պետերբերուգում ակցիայի մասնակիցներից մեկի պաստառն է, 15 մարտի, 2020թ.

«Էխո Մոսկվի» ռադիոկայանը հրապարակել է ռուսաստանցի իրավաբանների, գիտնականների, լրագրողների և գրողների ուղերձը համաքաղաքացիներին, պատգամավորներին, բոլոր մակարդակի, այդ թվում` Սամանադրական դատարանի դատավորներին: Դիմումը ստորագրած մտավորականները համարում են, որ Ռուսաստանում կարող է տեղի ունենալ հակասահմանադրական հեղաշրջում։

Նրանք «հակաիրավական» և «անընդունելի» են համարում Սահմանադրության 81-րդ հոդվածի` գործող նախագահի ժամկետները զրոյացնող 31-րդ կետի ներառումը։ Հեղինակները նշում են, որ 1998 թվականի նոյեմբերի 5-ին Սահմանադրական դատարանը մատնանշել է նախագահական ժամկետների հաշվարկով մանիպուլյացիաների անթույլատրելիությունը։ Ուղերձում նաև նշված է, որ Սահմանադրությունում փոփոխությունները հակասում են իշխանության փոփոխականության և ժողովրդավարական իրավական կառավարման սկզբունքներին:

Հեղինակները «խորը մտահոգություն» են հայտնում նաև Սահմանադրության փոփոխությունների ընդունման կարգի կոպիտ խախտման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ «Էխո Մոսկվի» կայքում հրապարակվել է «մտավորականների Կոնգրեսի հայտարարությունը», որը կոչվում է «Մենք իրավունք չունենք լռելու այն մասին, թե ինչ է կատարվում»:

Այս դիմումի հեղինակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են հրաժարվել «համառուսաստանյան քվեարկություն» անցկացնելուց, քանի որ այն խախտում է ՌԴ Սահմանադրությամբ և օրենքով ՌԴ Սահմանադրության փոփոխությունների ընդունման կարգը: Հիշեցնենք, Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը գրեթե միաձայն ընդունել են արդեն Պետդուման, Դաշնային խորհուրդը, մարզային խորհրդարանները:

Մարտի 14-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց իր իշխանությունը երկարաձգելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։ Այն պետք է հաստատեն նաև ռուսաստանցիները ապրիլի 22-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ։ Մինչ այդ, սակայն, Ռուսաստանի Սահմանադրական դատարանը պետք է իր եզրակացությունը հայտնի առ այն, թե արդյոք նախագահական ժամկետների զրոյացումը չի հակասում երկրի մայր օրենքին։

Սահմանադրական դատարանն արդեն անցել է հարցի քննարկմանը փակ ռեժիմում: Առաջիկայում Սահմանադրական դատարանի դատավորները կհայտնեն իրենց եզրակացությունը, բայց Մոսկվայում քչերն են կասկածում, որ եզրակացությունը դրական է լինելու։

Հավելենք նաև, որ ռուսաստանցի անկախ փորձագետները համոզված են, որ այս փոփոխությունների նպատակը մեկն է՝ հնարավորություն տալ Պուտինին մնալ նախագահի պաշտոնում առնվազն մինչև 2036 թվականը։ Անկախ դիտորդները նաև համարում են, որ Ռուսաստանի իշխանությունները կթաքցնեն Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման իրական տվյալները հանրաքվեն անցկացնելու համար։

Քաղաքագետ և գրող Վիկտոր Շենդերովիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոկում մասնավորապես գրել է. - «Իրական վիճակագրություն, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում: Կրեմլը հնչեցնելու է այն տվյալները, որոնք Կրեմլին ձեռնտու են լինելու: Կրեմլն է որոշելու փակել երկիրը, թե հանրաքվե անցկացնել և այս նպատակից էլ ելնելով` հրապարակելու է իրեն հարմար տվյալներ վարակվածների մասին»:

Հանգստյան օրերին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում անցկացվել են առանձին բողոքի ակցիաներ, միանձնյա պիկետներ անցկացնելու համար թույլտվություն պետք չէ, սակայն իրավապահները բերման են ենթարկել տասնյակ մարդկանց, այդ թվում` իրավապաշտպան 79-ամյա Լև Պոնոմարևին, ում ոստիկանությունում նաև հարվածել էին դեմքին։