Նախարարը կոչ է անում կրոնական կազմակերպություններին չեղարկել զանգվածային ծեսերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին, արխիվ

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է բոլոր կրոնական կազմակերպություններին ու քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային ծեսերից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։

Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։

Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից», - կոչ է արել նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի: