Պուտինը ստորագրեց իր իշխանությունը երկարաձգելու հնարավորություն ընձեռող օրինագիծը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, Մոսկվա, 13-ը մարտի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց իր իշխանությունը երկարաձգելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր Պետդումայում:

Նախօրեին օրինագծին հավանություն էին տվել Ռուսաստանի Դաշնության բոլոր տարածաշրջանային օրենսդիր մարմինները:

Հիմա Ռուսաստանի Սահմանադրական դատարանը պետք է տա իր եզրակացությունը, ինչից հետո ապրիլի 22-ին հարցը պետք է դրվի հանրաքվեի:

Պուտինն անձամբ դեռ չի հայտարարել, թե մտադիր է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններին, բայց նախատեսվող սահմանադրական փոփոխությունը նրան այդ հնարավորությունը տալիս է: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո նրա նախագահական նախկին ժամկետները զրոյացվում են: