Իրանի իշխանությունները համաձայնել են Ուկրաինային փոխանցել Թեհրանի օդային տարածքում խոցված ուկրաինական Boeing 737-800NG օդանավի «սև արկղերը»։ Այս մասին հայտնել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն:
Թեհրանը, որը նախորդ շաբաթներին հրաժարվում էր «սև արկղերը» փոխանցել ուկրաինական իշխանություններին, Reuters լրատվական գործակալության տվյալներով, պատրաստ է այդ պահանջն իրականացնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար օդանավը ոչնչացվել է հունվարի 8-ին: Զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ:
Օրեր տևած ժխտումներից հետո Իրանի իշխանություններն ի վերջո ստիպված եղան խոստովանել` ուկրաինական Boeing-ը կործանվել է երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով: