Առայժմ պարզ չէ, թե ինչպիսի իրավական կարգավիճակ կստանա Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր հրապարակված ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը: Հնարավո՞ր է՝ ուղարկվի խորհրդարան, թե՞ այն կմնա զուտ իբրև քաղաքական հայտարարություն, «Ազատության» հարցին ի պատասխան՝ Սյունիքում քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, թե դեռ պետք է հասկանան ժողովրդի արձագանքը։
«Մենք մի հատ այդ գաղափարի ժողովրդական ռեակցիան հասկանանք, եթե այդ պահանջարկը հնարավոր լինի ձևակերպել որպես ժողովրդի, եթե ժողովուրդը պարզվի՝ պաշտպանում է այդ գաղափարը, հետագա քննարկումն ավելի մասնավորված կլինի», - նշեց նա:
Հարցին, թե ժողովրդի արձագանքը հանրաքվեի՞ միջոցով են պարզելու, վարչապետը պատասխանեց. - «Մենք ունենք հանրաքվեի տեքստ, գիտեինք, որ կա հանրաքվեի կոնտեքստ, հիմա հանրաքվեի կոնտեքստն ուզում ենք ձևակերպել մեկ այլ տեքստով»:
Ամեն դեպքում ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեում այսօր հրապարակված հռչակագրի տեքստը տեղ գտնել չի կարող։ Ինչպես «Ազատությանը» պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը, 2020-ի ապրիլի 5-ի հանրաքվեն նշանակվել է «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա. - «Հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, և փոփոխությունների նախագիծն է դրվելու հանրաքվեի»:
Ինչ վերաբերում է քվեաթերթիկի նմուշին, ապա Տիգրան Մուկուչյանն ասաց, թե այն կհաստատվի ընտրություններից, այսինքն՝ ապրիլի 5-ից տասը օր առաջ կոնկրետ ձևակերպմամբ՝ «Համաձա՞յն եք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, թե՞ ոչ»։
«Քվեաթերթիկի նախագծում լինում է ձևակերպումը հետևյալ տարբերակով՝ «Համաձա՞յն եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին», - նկատեց ԿԸՀ նախագահը:
Ճշտմանը՝ չի՞ մանրամասնվում, թե ինչ փոփոխության մասին է խոսքը, նա արձագանքեց. - «Ոչ, քվեաթերթիկը վերաբերում է փաստաթղթին, ոչ թե փաստաթղթի բովանդակությանը»:
Նկատենք, խորհրդարանում նաև իշխող ուժի պատգամավորներն այսօր տեղյակ չէին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հռչակագրի նախագիծ է հրապարակել։ Օրենսդիրները նաև պատկերացում չունեին՝ իրավական ինչ կարգավիճակ է ունենալու Փաշինյանի ներկայացրած փաստաթուղթը։
Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա իշխող «Իմ քայլից» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, թե Փաշինյանի կողմից ներկայացված հռչակագրի տեքստում ձևակերպված են այն մտքերը, որոնց մասին մեր ժողովուրդը տասնյակ տարիներ խոսել է՝ և՛ կեղծված ընտրությունների, և՛ կոռուպցիայի, և՛ թալանի մասին։
«Այդ ամեն ինչը 30 տարի ժողովուրդը խոսել է քեֆերի սեղանների շուրջ, հանդիպումների շուրջ, նարդի խաղալու ընթացքում, միջանցքներում իրենց», - ասաց նա՝ հավելելով, որ կարիքը կար ամրագրելու. - «Միանշանակ սա դեռ նախագիծ է, պետք է հղկվի, պետք է լինեն առաջարկներ»:
Նիկոլ Փաշինյանի հրապարակած հռչակագրի նախագծում նշվում է, որ 1995-ից սկսած մինչև 2018 թվականը Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը, և միայն 1999-ի ընտրություններն են, որ չեն կեղծվել։ Ստացվում է, որ ըստ այդ հռչակագրի՝ կեղծվել են նաև 1996-ի ընտրությունները, որոնց արդյունքում նախագահ վերընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Մինչդեռ Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ սատարում է այսօրվա իշխանությանը և միանում է «Այո»-ի քարոզարաշվին։ Արդյո՞ք այս հռչակագրով ՀԱԿ-ն անհարմար վիճակում չի հայտնվում, ի վերջո հռչակագրի նախագծով նրանք մեղադրվում են կեղծարարության մեջ։ Իշխող «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ ՀԱԿ-ը պետք է ընդունի, որ իրենց ժամանակ նույնպես կեղծիքներ են եղել։
«Կարծում եմ՝ Հայ ազգային կոնգրեսն այս պահի դրությամբ որևէ նեղանալու առիթ չունի, իրենք էլ հանուն արդարության պետք է ընդունեն, որ ամեն դեպքում եղել են խախտումներ, և ընդունեն ու շարժվեն առաջ, ավելի ճիշտ կլինի՝ այդպես վարվեն», - նկատեց պատգամավորը:
Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե ուրախ է, որ Հայաստանում ֆեյսբուքային ստատուսները իրավական ուժ չունեն, պետք է հասկանալ, թե հանրաքվեի ինչ հարց է դրված, և ժողովուրդն, ըստ Զուրաբյանի, դա հասկանում է։
«Այն ստատուսը, որ հրապարակվել է Ֆեյսբուքում, ամենաշատը կարող է ձեռք բերել ՔՊ-ի վարչության, ընդ որում, շատ սուբյեկտիվ հայտարարության՝ Հայաստանի պատմության մեկ վերսիան ներկայացնող հայտարարության ստատուս և ոչ ավելին», - նշեց նա:
Հարցին, թե շարունակելո՞ւ են իրենց քարոզարշավն այսքանից հետո, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. - «Մեր ցանկությունը և նպատակը ռոբա-սերժական այս պլանին ծառայող Սահմանադրական դատարանի անդամների հեռացումն է, և մենք ամբողջ ժողովրդի հետ միասին լուծում ենք այդ հարցը: Խնդիրը այլ ուղղությամբ շեղելու փորձերը՝ և՛ իրավական առումով, և՛ քարոզչական, և՛ բարոյական առումով որևէ հիմնավորում չունեն»:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» առայժմ չի շտապում գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի այսօր հրապարակած հռչակագրի նախագծին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարցը կքննարկեն խորհրդի նիստում և նոր միայն գնահատական կտան։
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած « Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե համաձայն է հռչակագրում տեղ գտած դրույթների հետ և հատկապես, որ բոլոր ընտրությունները կեղծվել են։
«Ես մասնակցել եմ 96-ին, 2003-ին, 2007-ին, 2012-ին, 2017-ին, 18-ին և համաձայն եմ, որ նախորդ իշխանության օրոք բոլոր ընտրությունները կեղծվել են, այդ թվում՝ 96», - շեշտեց Բագրատյանը:
Ի դեպ, նա ասում է, որ բոլոր այն նախարարներն, ովքեր պաշտոններ են զբաղեցրել նախկին իշխանությունների ժամանակ, իսկ այսօր տեղ են գտել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, պետք է հստակ հայտարարեն, որ ընդունում են հռչակագրի բոլոր դրույթները, հակառակ դեպքում պետք է հրաժարական տան. - «Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները շատ չեն, մենք ընդամենը 12 նախարար ունենք, որոնք պետք է, այո, այդ հռչակագիրը երդման տեքստով արտասանեն, եթե չեն անի, ուրեմն պիտի հրաժարական տան»: