Պետդուման ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը

Պետդուման այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը, որը նաև չեղյալ է հայտարարում նախագահի պաշտոնավարման ժամկետները։ Մի քանի ժամ անց օրինագիծը հաստատեց նաև Դաշնության խորհուրդը։

Նախագահական ժամկետները չեղյալ հայտարարելու մասին փոփոխությունը, հիշեցնենք, մարտի 10-ին առաջարկել էր պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։ Եթե այս փոփոխությամբ օրինագիծն ուժի մեջ մտնի, իսկ սրանում ոչ ոք չի կասկածում, Վլադիմիր Պուտինը 2024 թվականին կրկին կկարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում։

Երկրորդ առաջարկն, ըստ էության, նշանակում է վերացնել սահմանափակումները ցանկացած անձի, ցանկացած քաղաքացու համար՝ ներառյալ գործող նախագահի, և նրանց թույլ տալ մասնակցել ընտրություններին ապագայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահը Պետդումայում ունեցած իր ելույթի ընթացքում՝ հավելելով, թե այս փոփոխությունը հնարավոր է, եթե Սահմանադրական դատարանը (ՍԴ) տա դրական եզրակացություն, իսկ որ ՍԴ-ն դրական եզրակացություն է տալու, նույնպես ոչ ոք չի կասկածում։

Որպեսզի փոփոխություններն ընդունված համարվեն, նախ անհրաժեշտ է, որ Սահմանադրական դատարանն իր կարծիքը բարձրաձայնի, և փոփոխությունները պետք է հաստատեն մարզային խորհրդարանների առնվազն երկու երրորդը։ Այնուհետև փաստաթուղթը պետք է դրվի համառուսաստանյան քվեարկության, արդեն հայտնի է այդ օրը՝ ապրիլի 22-ին և վերջում այն պետք է ստորագրի նաև նախագահը։

Այս ամենի իմաստը, ռուսաստանցի անկախ փորձագետների կարծիքով, նրանում է, որ Պուտինը 2024 թվականից հետո էլ նախագահ ընտրվելու հնարավորություն ունենա, այլ իմաստ այս փոփոխությունները չունեն։ Մեկնաբաններն արդեն հաշվարկել են, որ եթե Վլադիմիր Պուտինը ևս երկու անգամ նախագահ ընտրվելու հնարավորություն է ստանում, մնում է նախագահի պաշտոնում առնվազն մինչև 2036 թվականը, այսինքն՝ նա կղեկավարի Ռուսաստանն ավելի երկար քան Բրեժնևը, Ստալինը։

«Որոշակի թեթևության զգացողություն իրականում կա, վերջապես ասվեց այն, ինչը պետք է ասվեր։ Ավելի լավ է սարսափելի վախճանը, քան սարսափն առանց վերջի», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Կոլեսնիկովը՝ հավելելով. «Երբ մենք հաշվում ենք այս օրերը, տարիները, շաբաթները և ասում ենք՝ 2036, մենք ինչ-որ կերպ հաշվի չենք առնում այն փաստը, որ Պուտինն այդ ժամանակ արդեն շատ ծեր մարդ է լինելու, ավելի ծեր քան, օրինակ Բրեժնևն էր»։

Ռուսաստանցի ընդդիմադիրները երեկ դիմել էին քաղաքապետարան՝ մարտի 21-ին այս փոփոխությունների դեմ բողոքի երթ ու հանրահավաք Մոսկվայի կենտրոնում անցկացնելու համար։ Իշխանությունները, սակայն, հավաքը կարող են արգելել կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով։