«Չբարեփոխված դատական համակարգում ճշմարտությունը դժվար թե գտնվի». որդեկորույս մայրեր

Բանակում խաղաղ պայմաններում զավակներ կորցրած ծնողների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 8-ը մարտի, 2020

Տասը տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում որդուն՝ Արթուրին կորցրած Իրինա Ղազարյանի պահանջը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանութոյւնցի մեկն է՝ արդարություն։ Պարզել, թե իրականում ինչի հետևանով մահացավ որդին։

Երեկ տիկին Իրինան իր բախտակից որդեկորույս այլ մայրերի հետ ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Վարչապետն առաջարկեց խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան հանգամանքները քննող այլընտրանքային խումբ ստեղծել։

«Հա, մենք ուզում ենք, որ արդար քննություն լինի, ես ուզո՞ւմ եմ, որ Կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի ամառ-ձմեռ, ցրտին, քամուն, հիվանդ... թեկուզ էդ մի օրը ես գալիս եմ իմ էրեխու պարտքը տամ։ Բայց որ գործողություն չե՞ն անում... Ոչ մի բան չեն անում, մատները մատներին չեն խփում։ Դուս ա գալի, որ Փաշինյանը ասում ա մի բան, իրա հետևից՝ մեկ ուրիշ բան։ Այսինքն Քննչական կոմիտեն, բանը ստախոսում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իրինա Ղազարյանը։

Խորհրդանշական մարտի 8-ին որդեկորույս մայրերի հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել էր, որ սա խնդիր է մեր պետության, Զինված ուժերի, իրավապահ համակարգի, կառավարության համար։

Հորդորել էր մայրերին դադարեցնել բողոքի ակցիաները, փոխարենը փորձել միասին խնդրի հանգուցալուծումը գտնել. - «Մենք բոլորս, առանց բացառության, պետք է ընդունենք ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այդ ճշմարտությունը»։

Ճշմարտության համար երկար ու դժվար ճանապարհ անցած մայրերը, այդուահնդերձ, թերահավատ են, մտահոգ։ Ասում են՝ չբարեփոխված դատական համակարգում այդ ճշմարտությունը դժվար թե գտնվի. - «Համակարգը նույն փչացած, ստախոս համակարգն ա։ Պըտի փոփոխություն լինի։ Ես ասել եմ վարչապետին՝ նույն խումբն ա, նույն թասից իրանք կերել են։ Ո՞ր մեկը իրա կերած թասից կտա իրա աչքը կհանի...»

Տիկին Իրինայից փոքր-ինչ ավելի լավատես է փորձում լինել 13 տարի առաջ բանակում դարձյալ չբացահայտված հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը՝ հուսալով, թե գուցե սա լինի այն հնարավորոթյունը, որ թույլ կտա ի վերջո մի ելք գտնել անելանելի թվացող իրավիճակից. - «Վերջապես մեղավորը պատասխանատվություն կկրի՞, թե՞ չէ»։

Նա չի կարողանում մոռանալ իրար հետևից փոխված գլխավոր դատախազների անունները, որոնք, ըստ որդեկորույս մոր ձևակերպման՝ չփորձեցին քանդել հանցավոր կծիկը. - «Իմ գործը Աղվան Հովսեփյանի ժամանակ է եղել։ Դրանից հետո եղել է Գևորգ Կոստանյան, Արթուր Դավթյանը։ Շատ է եղել, որ մենք նրանց նոր հանգամանք ենք ներկայացրել... որովհետև համակարգը չի փոխվել, չեն ուզեցել նախորդի արած հանցագործությունը բացահայտել»։

Վարչապետի առաջարկած համատեղ այլընտրանքային քննչական խմբում որդեկորույս մայրերը վստահելի երեք փաստաբաններ պետք է ներկայացնեն։ Վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։ Տիկին Գոհարից տեղեկացանք, որ թեկնածուներ արդեն ունեն, սակայն դեռ անուններ չեն հրապարակում։

Փաշինյանի կողմից էլ երեք իրավաբան կներգրավվեն խմբում։

Գործերի քննման սկզբունքը կքննարկվի քննչական խմբի հետ համաձայնությամբ՝ այբբենական կարգով կամ վաղեմության ժամկետով:

Վարչապետն ընդգծել է, որ քննչական խմբի անդամները պետք է մինչև այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:

«Ազատության» հետ զորւյցում որդեկորույս մայրերը ասացին, թե պատրաստ չէին այսպիսի բովանդակությամբ հանդիպմանը, բայց համաձայնել եմ վարչապետի առաջարկներին, կդադարեցնեն բողոքի ակցիաները, կհամագործակցեն, այլ տարբերակ դեռ չունեն։

Որդեկորույս մայրերի մտահոգությունը կիսում է նաև «Հելսինյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։ Նրա գնահատմամբ, վարչապետի հետ հանդիպումը կարևոր էր, բայց ուշացած։

Կարապետյանը հիշեցնում է, որ հեռու անցյալում չէ Քննչական կոմիտեին կից ստեղծված նմանատիպ հանձնաժողովը, որը «զրո արդյունք գրանցեց». - «Համակարգային է խնդիրը։ Իրենք միայն իրենց խնդրի մասին չեն խոսում, միայն իրենց զավակների չբացահայտված գործերի մասին չեն խոսում։ Դա շատ բնորոշ կերպով ցույց է տալիս իրենց գիտակցությունը, թե ինչքան բարձր գիտակցություն ունեն հենց այս ծնողները։ Տեսնենք ինչ լուծումներ կլինեն։ Համենայն դեպս, մենք միշտ պատրաստ ենք նորից շարունակել մեր պայքարը»։