Կորոնավիրուսը նաև պաշտոնական արարողակարգերում է փոփոխություն մտցրել. Հայաստանի վարչապետի այցը Բելգիայի Թագավորություն առանց ձեռքսեղմումների է մեկնարկում։
Նիկոլ Փաշինյանն առաջինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին է հանդիպել։ Մի քանի վայրկյան՝ կադրերի համար, հետո արդեն՝ Փաշինյան-Միշել առանձնազրույց։
Հայաստանի վարչապետի ու Եվրախորհրդի նախագահի քննարկումը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման շուրջ է անցել, առանցքում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն է եղել։
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է՝ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը, վստահեցրել՝ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն համագործակցել և աջակցել Հայաստանին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումներն իրականացնելու համար։
Իր հերթին Փաշինյանը կարևորել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին։
«Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, դրանց իրականացման գործում մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ-ի օգտակար աջակցությունը», - նշել է Փաշինյանը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել է՛լ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով:
Արարողակարգի բարի ավանդույթն արդեն Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկը վերականգնեց։ Վարչապետ Փաշինյանի հարցին՝ ձեռքսեղմումո՞վ, թե՞ ոչ, Տուսկը պաշտոնական ողջույնով պատասխանեց, հետո էլ կատակեց, թե Փաշինյանի հետ իրեն անվտանգ է զգում։
Եվրոպացի պաշտոնյաները հայ գործընկերոջը նաև քաղաքականությունում են վստահում։ Տուսկը ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում՝ տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում Հայաստանի նոր իշխանությունների և անձամբ վարչապետ Փաշինյանի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է, հայտնում են կառավարությունից։
«Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում», - ասել է ԵԺԿ նախագահը:
Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար` նշելով, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Տուսկի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահի հետ էլ է վարչապետն անդրադարձել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին: Դոնալդ Տուսկը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել՝ նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Նկատենք՝ ավելի վաղ էլ Բելգիայի Թագավորությունում էր մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախկին իշխանական Հանրապետական կուսակցության նախագահը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է եվրոպացի ներկա ու նախկին պաշտոնյաների, նաև՝ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ, քննարկել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ինչպես տեղեկացնում է եվրոպական կառույցներում «Ազատության» աղբյուրը, պաշտոնաթող նախագահը Տուսկի հետ հանդիպմանը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանն ու բողոքել գործող իշխանություններից։
Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս էր եկել դատարանի թույլտվությամբ։