«Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս է եկել դատարանի թույլտվությամբ», - «Ազատությանը» փոխանցեց մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ վստահեցնելով՝ Սարգսյանը վերադառնալու է։
Ըստ փաստաբանի, դատավորին միջնորդություններ են ներկայացրել թե՛ ինքը, թե՛ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրել է Հայաստանից բացակայել մարտի 4-7-ը։ Այս տեղեկությունն էլ Հարությունյանը հայտնեց։
Սերժ Սարգսյանի ու մյուսների գործը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։
«Ազատություն». - Հայտնի է, որ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին, ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանից կարողացավ դուրս գալ։
Մակինյան. - Պաշտպանական կողմը և պարոն նախագահի գրասենյակի պատասխանատուն դիմել են դատարանին, հիմնավորել են, որ պարոն նախագահը ուներ նախապես պլանավորված աշխատանքային այց Բելգիայի Թագավորություն, օրենքով սահմանված կարգով ստացել ենք թույլտվություն, պարոն նախագահը մեկնել է Բելգիա։
«Ազատության». - Դատական նիստին այդ միջնորդությունը հրապարակային չեք ներկայացրել, դրանից հետո՞ է արվել։
Մակինյան. - Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, որ դիմումները այդպիսի պետք է քննարկվեն դատական նիստի ընթացքում, բացի այդ, այդ անհրաժեշտությունը՝ պարոն նախագահի Բելգիայի Թագավորություն մեկնելու, ծագել է դատական նիստից հետո, այդ պատճառով դատական նիստին այդ խնդրանքը չի ներկայացվել դատարանին։
«Ազատություն». - Երկրից բացակայելու վերաբերյալ միջնորդությունը գրավո՞ր, թե՞ բանավոր կերպով է ներկայացվել և քննարկվել։
Մակինյան. - Թե՛ իմ և թե՛ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուի միջնորդությունները եղել են գրավոր։
«Ազատություն». – Ձեզ նաև գրավո՞ր պատասխան է եկել դատարանից։
Մակինյան. – Այո։
«Ազատություն». – Մյուս նիստն ամսի 26-ին է, մինչև այդ Սերժ Սարգսյանը կվերադառնա՞ Հայաստան։
Մակինյան. – Անպայման։
Դատախազությունից արձագանքից՝ իրենց դիրքորոշումը չի լսվել։ Դատարանի որոշումը մեկնաբանել չցանկացան, բայց փոխանցեցին՝ հարցը, կարծում են, պետք է քննարկվեր դատական նիստում, և որոշում կայացվեր կողմերի դիրքորոշումը պարզելուց հետո, ինչը տվյալ դեպքում, ըստ դատախազության, չի կատարվել։
Նախկին իշխանական ՀՀԿ նախագահը երեկ Բրյուսելում հանդիպել է եվրոպացի ներկա ու նախկին պաշտոնյաների հետ, նրանց թվում՝ ԵԺԿ նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ, քննարկել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, տեղեկանում ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումներից։
Ժողովրդի ճնշմամբ հրաժարական տված նախկին նախագահը հանդիպումներում խոսել է ժողովրդավարությունից, պոպուլիզմից ու դրա վտանգներից։ Պոպուլիզմի թեման կարմիր թելի նման անցնում է նախկին նախագահի վերջին հայտարարություններում։ Մասնավորապես՝ Զագրեբում ԵԺԿ ամբիոնից անցած նոյեմբերին Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե ինքը 2018-ին իշխանությունը զիջել է պոպուլիստներին։
«Երկրում ժողովրդավարությանը սպառնացող, վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը», - հայտարարել է Սարգսյանը։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը կարծում է՝ երբ քրեական գործի հարուցումից հետո Արմեն Աշոտյանը միտում էր տեսնում, թե այդպիսով փորձ է արվում կանխելու նաև Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գործունեությունը, չափում էր իրենց արշինով: Նրանք, ըստ պատգամավորի, հենց այդպես էին վարվում։
«Նույն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եղել են քաղբանտարկյալներ։ Ես ինքս, շատ իմ գործընկերներ, իրավապաշտպաններ, բազմաթիվ քաղաքական նաև գործիչներ տարիներ շարունակ քննադատվել են դրսի գործընկերների հետ բողոքներ կամ «դրսից տղա բերելու գործընթաց իրականացնելու համար»։ Հիմա նույնն են իրականացնում շատ ավելի բարձր մակարդակով, որովհետև ունեն այդ կապերը տարիներով ձևավորված, և մենք որևէ կերպ այդ արգելքը չենք դնելու, որովհետև մեզ համար վախենալու չի ոչինչ։ Մեք կարծում ենք, որ մեր միջազգային գործընկերները շատ լավ, իրենցից լավ, մեզնից լավ, բոլորից լավ հասկանում են՝ իրականում ինչ է տեղի ունենում», - ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը հուսով է, որ դատարանն ունի բավարար երաշխիքներ, որ Սերժ Սարգսյանը վերադառնալու է, արդարադատությունից խուսափող ևս մի հոգի չի ավելանա։
«Այս պահին մենք ունենք նաև Սամվել Մայրապետյանի երաշխավորության չպահված, փաստորեն, երկրից մեկնում», - նշեց Գայանե Աբրահամյանը։