Նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով Իտալիայի կառավարությունը կարանտինի խստագույն ռեժիմ է սահմանել երկրի հյուսիսում և որոշ այլ հատվածներում: Այն գործում է նաև Իտալիայի ֆինանսական մայրաքաղաք Միլանում:
Կարանտինի ենթարկվող Լոմբարդիայի շրջանում և Մոդենայի, Պարմայի, Պիաչենցայի ու ևս 13 գավառներում ընդհանուր հաշվով բնակվում է մոտ 16 միլիոն մարդ:
Այլ տարածքներ մուտք գործելու և այս տարածքներից դուրս գալու թույլտվությունը տրվում է ծայրահեղ դեպքերում՝ իշխանության հատուկ որոշմամբ:
Կարանտինի տակ գտնվող բնակիչներին արգելվում է դուրս գալ տներից: Կառավարության որոշման մեջ նշված չէ, թե ինչպես են այդ դեպքում նշված շրջաններ տրանսպորտով ուղարկվելու պարենը և անհրաժեշտ այլ ապրանքներ:
Արգելվում են բոլոր մասնավոր և հանրային զանգվածային միջոցառումները՝ ներառյալ մշակույթի, կրոնի և առևտրի ասպարեզներում: Կինոթատրոնները, թանգարանները, թատրոնները, պարասրահները փակվում են:
Քաղաքացիական և կրոնական ծառայությունները, այդ թվում` մեծ թվով մարդկանց մասնակցություն ենթադրող հուղարկավորությունները չեղարկվում են:
Դպրոցները և համալսարանները փակվում են: Առողջապահության պրոֆիլով կրթական հաստատությունները հատուկ կարգով են գործում:
Ռեստորանները և սրճարանները կարող են աշխատել առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 5-ը միայն այն դեպքում, եթե այցելուներին կապավովեն միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա գտնվելու հնարավորություն:
Նույն կարգը գործում է խանութների պարագայում: Ընդ որում, խոշոր առևտրային կենտրոնները և սուպերմարկետները շաբաթ և կիրակի օրերին պետք է փակ լինեն:
Մարզական բոլոր միջոցառումներն արգելվում են, բացառությամբ պրոֆսիոնալ սպորտի այն մրցումների, որոնք կարելի է անցկացնել դռնփակ՝ առանց հանդիսատեսի:
Իտալիայի Սպորտի նախարարությունն այսօր հայտարարել է, թե Serie A իտալական բարձրագույն ֆուտբոլային լիգայի ղեկավարները պարտավոր են քննարկել բոլոր հանդիպումներն անհապաղ չեղարկելու հարցը:
Առողջապահության սեկտորի աշխատողները զրկվում են արձակուրդ վերցնելու իրավունքից:
«Սա համազգային արտակարգ վիճակ է, մենք պարտավոր ենք կանխել վիրուսի տարածումը»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
Իտալիայում այս խիստ սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև ապրիլի 3-ը:
Իտալիայում գրանցվել է նոր կորոնավիրուսի՝ թագավարակի 5883 դեպք, մահացել է 233 մարդ, ամբողջությամբ ապաքինվել է 589 մարդ: