Վարչապետ Փաշինյանը հանդիպման է հրավիրել սևազգեստ մայրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Կառավարության ղեկավարն առաջարկել է ծնողներին ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը:

Վարչապետը հավելել է, որ բոլոր իրավաբանների ծախսերը կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է նաև, որպեսզի քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:

Վարչապետի առաջարկի շուրջ ծավալվել է քննարկում, Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկությունները: Արդյունքում՝ վերը նշված առաջարկն արժանացել է հավանության և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծնողները ապրիլի 10-ին գրավոր կներկայացնեն փաստաբանների իրենց թեկնածուներին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նաև մինչ ապրիլի 10-ը հանդիպել ևս մեկ անգամ՝ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու նպատակով:

Տես նաև այստեղ