Մատչելիության հղումներ

Վարչապետը զոհված զինծառայողների ծնողների հետ քննարկեց նրանց բարձրացրած խնդրի լուծման տարբերակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին: Նա նշեց, որ հանդիպման նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է:

«Նախ ուզում եմ ասել, թե ինչպես եմ վերաբերվում այն փաստին, որ շատ հաճախ, որոշակի պարբերականությամբ դուք ստիպված եք լինում կառավարության կամ տարբեր պետական գերատեսչությունների առաջ ակցիաներ կազմակերպել: Ես չգիտեմ դա դրսից ինչպես է երևում, բայց դա ինձ համար ամեն անգամ շատ մեծ ցավ է և կարծում եմ` մեծ ցավ է նաև Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար:

Բայց այստեղ կա մի գլոբալ հարց, իսկ ինչո՞վ է ավարտվելու այս ամեն ինչը, որովհետև այստեղ շատ պարզ խնդիր կա դրված, մենք պետք է ունենանք հանգուցալուծում, որովհետև դա ինչպես առաջին հերթին ձեզ համար է ցավ, ցավ է նաև մեր ժողովրդի համար: Մենք պետք է հասկանանք, որ պետք է գտնել լուծում, սա համարում եմ մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր ասելով, նկատի ունեմ մեր ժողովրդի խնդիրը, որովհետև մարդկանց մոտ էլ բնական հարց է առաջանում, թե սա ի՞նչ պատմություն է և այս պատմությունը երբ է ավարտ ունենալու», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները տարիներ շարունակ կառավարության, նախկինում էլ նախագահական նստավայրի դիմաց իրենց դժգոհության ձայնն են բարձրացրել` հայտարարելով, որ մինչ օրս իրենց չի ներկայացվում իրականությունն այն մասին, թե ինչ պայմաններում են իրենց որդիները մահացել, նրանք պնդում են` իրենց որդիներին սպանել են:

Փաշինյանն ընդգծեց, որ եթե իրենք գան ընդհանուր հայտարարի, ծնողները դադարեցնելու են ակցիաները:

«Ես այսօր խնդիր եմ համարում հետևյալը. այս ամենի արդյունքում դուք պետք է դադարեցնեք ձեր ակցիաները, ոչ թե նրա համար, որ ուղղակի դադարեցնեք, այլ նրա, որ մենք պետք է համաձայնության գանք ճշմարտության հասնելու եղանակների շուրջ: Եթե, իհարկե, համաձայնության չգանք, բնականաբար դուք կշարունակեք», - նկատեց նա, ապա ներկայացրեց իր առաջարկները. - «Նշված քրեական գործերը հանձնարարել այլ քննչական մարմնի և այնպիսի քննիչների, որոնք առնչություն նախկինում չեն ունեցել այդ գործերին:

Քննչական գործերով խորհրդակցություններ հրավիրել վարչապետի մոտ, որոնք նույնպես ուղիղ եթեր կհեռարձակվեն, կլինեն հարցերի պատասխաններ ու եզրակացություններ:

Դուք ձևավորեք ձեզ համար վստահելի իրավաբանների, իրավապաշտպանների կամ խառը խումբ, դուք էլ ներկա լինեք, մենք միջոցներ ձեռնարկենք, փաստացի ձևավորեք վստահելի խումբը, փաստացի քրեական գործերի ղեկավարումն իրականացնի այդ խումբը: Կա քրեական գործ, դուք այդ խմբով տաք դատավարական կամ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ:

Քննիչները կամ դատախազները ներկայանան Ազգային ժողով, պատասխանեն պատգամավորների հարցերին, որոնց արդյունքում էլի տրվեն նմանատիպ ցնցումներ»:

Վարչապետն առաջարկեց նաև իր հանձնարարությամբ կազմել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կտա դատավարական գործողությունների ցուցումներ. - «Ես ինքս ինձ համար վստահելի իրավաբանների խումբ կհրավիրեմ, և ինքս այդ խմբի միջոցով խորանամ այդ գործողությունների մեջ, բայց սրան կհամաձայնեմ մի պայմանով, որ արդյունքում այդ խմբի միջոցով ես ինչ եզրակացության գամ, դուք կհամաձայնեք դրա հետ», - նշեց Փաշինյանը:

Ծնողները հայտարարեցին, որ հաճախ է եղել, որ քննիչները ի սկզբանե ինչպես կեղծել են գործը, այդպես էլ շարունակում են հիմա, և մի քանի մարմինների մասնակցությամբ ստեղծվել է «մի կծիկ, որով հեշտ է զինվորի մահը կեղծել»:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծնողները ապրիլի 10-ին գրավոր կներկայացնեն փաստաբանների իրենց թեկնածուներին, ինչպես նաև հանդիպել ևս մեկ անգամ մինչև ապրիլի 10-ը՝ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու նպատակով:

«Արդեն եթե ես տեսնեմ, որ որևէ մեկը գործին խոչընդոտում է, կադրային փոփոխություն կլինի», - հայտարարեց նա` ի պատասխան ծնողների հայտարարությունների, թե իրավապահ համակարգի ներկայացուցիչներից ոմանք շահագրգռված չեն, որ արդար հետաքննություն լինի:

XS
SM
MD
LG