Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը քվեների գերիշխող մեծամասնությամբ հաստատել է նոր կորոնավիրուսի՝ թագավարակի դեմ պայքարին 8 միլիարդ 300 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որը փոխանցվել է Սենատ:
Այդ պալատւմ հաստատվելուց հետո օրինագիծը պետք է վավերացվի նախագահի ստորագրությամբ: Ենթադրվում է, որ արդեն այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահը կստորագրի նախագիծը:
Գումարը տրամադրվում է վարակի դեմ պատվաստանյութեր ստեղծելու, ախտորոշման սարքավորումներ արտադրելու և համաճարակը կանխելու ծրագրերին:
«Ամերիկայի ժողովուրդը պետք է իմանա, որ կորոնավիրուսի վտանգը քաղաքացու համար շատ մեծ չէ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ամերիկացիները պարտավոր են զգոնության և ողջամտության սահմաններում պաշտպանել իրենց առողջությունը և վիրուսից պաշտպանել իրենց ընտանիքները», - ասել է փոխնախագահ Մայք Փենսը:
Օրինագիծն ընդունվել է քվեների 415 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: 8 միլիարդ 300 միլիոնից 1 միլիարդ 250 միլիոնը կտրամադրվի ԱՄՆ սահմաններից դուրս վարակը զսպելու միջազգային ծրագրերին: