Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը պարգև են հանձնել լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանին՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։
Լյուսին առաջինն է Հայաստանից, որ արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակին, իր հաղորդագրությունում նշում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Աշխարհի շատ անկյուններում կանայք հաջողությունների են հասնում, նրանք ցանկանում են ոչ թե քննարկման թեմա կամ թրենդ լինել, այլ ուզում են իրական հնարավորություններ, օրինակ՝ բիզնեսով զբաղվելու կամ իրենց համայնքներում որպես ղեկավարներ ավելի մեծ դերակատարություն ունենալու համար։ Եվ վերջապես, աշխարհը կարիք ունի կանանց, որոնք պատրաստ են ռիսկի դիմել։ Եվ, բնականաբար, այս տարվա մրցանակակիրները հենց այդպես էլ արել են», - Վաշինգտոնում կայացած արարողության ժամանակ հայտարարել է Մայք Փոմփեոն։
«Այստեղ կհանդիպեք փաստաբանի, որը մարդու հիմնարար իրավունքներն է պաշտպանում դժվարին պայմաններում, լրագրողի, որը կոռուպցիա է բացահայտել, ակտիվիստի, որը վերջ է դրել կանանց սեռական ձևախեղմանը, կհանդիպեք նաև կրոնական իրավունքների ու վտանգավոր տարածաշրջաններում խաղաղության համար պայքարող կանանց։ Այստեղ ներկա կանայք տարբեր են, բայց բոլորն էլ հավատում են, որ ցանկացած մարդ արարած արժանապատիվ կյանքի իրավունք ունի», - նշել է պետքարտուղարը։
«Մենք բոլորս ճանաչում ենք քաջարի կանանց, որոնք ամեն օր թշնամական վերաբերմունքի են արժանանում, երբ խոսում են խնդիրների մասին։ Մենք պետք է արժանին մատուցենք այս կանանց ամեն օր։ Այս բեմին կանգնած կանայք ներգրավված են հենց այդպիսի գործունեությունում, ինչը այնքան կարևոր է մեր ընտանիքների, կառավարությունների և ողջ աշխարհի համար», - հայտարարել է Փոմփեոն։