Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների միջև այսօր հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում նրանք քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։
«Հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են, և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ։ Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները», - Ֆեյսբուքում գրում է Արսեն Թորոսյանը՝ շարունակելով. - «Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմանի կապը թե' նախարարների և թե' երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ»:
Որպես հետգրություն՝ Հայաստանի առողջապահության նախարարը նշում է. - «Մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում»։
Հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված միայն մեկ դեպք կա՝ վարակն ախտորոշվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ, ևս 31 մարդ մեկուսացված է։ Երեկ Միլանից Երևան ժամանած մի ուղևոր էլ հոսպիտալացվել է՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումների նպատակով։
Վրաստանում անցած շաբաթ կորոնավիրուսի երեք դեպք է գրանցվել։