Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ «աշխարհը կորոնավիրուսի առումով հայտնվել է նախադեպը չունեցող չուսումնասիրված վիճակում»:
Հիմա նախևառաջ անհանգստացնում է վարակի արագ տարածումը Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում և Ճապոնիայում:
Մարտի 2-ի ժամը 24:00-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 90 հազար դեպք, մահացել է ավելի քան 3 հազար մարդ:
Վարակվածների և մահացածների գերիշխող մեծամասնությունը Չինաստանում է, սակայն այդ երկրում նոր դեպքերի թիվը սկսում է նվազել: Թագավարակ է գրանցվել մոտ 70 երկրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պնդմամբ՝ «այնուամենայնիվ, ճիշտ գործողությունների դեպքում հնարավոր է կասեցնել COVID-19 վարակի տարածումը»:
«Հիմա գործելու ժամանակն է, այլ ելք չկա»,- Ժնևում ասել է նա:
Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է թագավարակի մոտ 8800 դեպք, դրանց 80 տոկոսը՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում:
Առաջին դեպքերի մասին են հայտնել Դոմինիկյան Հանրապետությունը, Իսլանդիան, Ինդոնեզիան, Ուկրաինան, Հորդանանը, Անդորրան, Լատվիան, Պորտուգալիան, Սենեգալը և Թունիսը: