Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։
Դատական նիստը շարունակվում է։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաներ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները միջնորդել են դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը։ Պաշտպանների միջնորդության հիմքում ընկած էր հայտնի «Յոթի գործը»։ Նշված գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300 հոդվածի համաձայն:
Միջնորդության քննարկման ընթացքում պաշտպանական կողմը ընդգծել էր, որ նախկինում գործող քրեական օրենսգրքի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում ընդունված 300․1 հոդվածը, որը, չնայած նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։