Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ հեղափոխության նախօրեին իր «երրորդ ճանապարհի» վերաբերյալ հայտարարությունը ընդամենը երկրորդ «Մարտի 1»-ից խուսափելու կոչ էր:
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե հիմա նո՞ւյնպես պաշտպանում է «երրորդ ճանապարհի» առկայության մասին իր դիրքորոշումը, Մարուքյանն ասաց. - «Հեղափոխության օրերին մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, որոնցից մեկն այն է եղել, որ կողմերը պետք է գան բանակցություններով հանգուցալուծման, ինչն էլ, ըստ էության, տեղի է ունեցել: Երրորդ ճանապարհ նշանակում էր առանց զոհերի խնդիրների կարգավորում: Օգտատերերը, որոնք աջակցում են իշխանություններին, կարծում են, թե այդ երրորդ ճանապարհը, որ ասացին, մեր մեծ մեղքն է, և մենք դրանից խուսափում ենք: Մենք եղել ենք առանց զոհերի հեղափոխության կողմնակից: «Երրորդ ճանապարհի» թեզը եղել է նոր «Մարտի 1» չունենալու մասին»:
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե ինչու իր ղեկավարած ԼՀԿ-ն կարևորագույն պահին իշխանությանը չաջակցեց, Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ այն երկրներում, որտեղ ընդդիմությունը բոլոր հարցերում իշխանությանն աջակցում է, ապագա չունեն. - «Այդ երկրների քաղաքական համակարգերը կեղծ են, ու քաղաքական մեծամասնություն չկա, այն ժամանակ, երբ որ ընդդիմություն չի լինի երկրում և կլինի իշխանության գրպանում դրած, կանհանգստանաք ու կասեք՝ ինչո՞ւ է ընդդիմությունն անդադար դարձել խորհրդարանական իշխանության դակիչը»:
Ինչ վերաբերում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին, որով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները, ապա ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց՝ իրենց դիրքորոշումն անփոփոխ է մնում. - «Մենք ասել ենք, որ գործընթացն ամբողջական հակասահմանադրական է, ու այդ գործընթացում որևէ թևում մասնակցությունը մեզ համար խնդրահարույց է, ասել ենք, որ «Ոչ»-ի ճամբար չի լինելու, քաղաքական օրակարգ ենք ձևավորել, այսօր «Ոչ»-ի ճամբար չկա, դա «Լուսավոր Հայաստանի» ձևավորած քաղաքական օրակարգն է, կա միայն «Այո»-ի արշավ»:
Էդմոն Մարուքյանը հավելեց՝ բոլոր ուժերից էլ լիցենզավորված քաղաքացիներ լինելու են հանձնաժողովների կազմերում, «այդ օրն աշխատելու ու ընտրական արդար գործընթաց պահելու» իրավունք քաղաքացիներն ունեն, սակայն, օրինակ՝ իրենց կուսակիցները այնտեղ չեն ներկայացնելու ԼՀԿ-ն:
Նախկին թիմի անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանն էլ, թե կառուցողական ընդդիմություն են ցանկանում ունենալ, «հնացած է ընդդիմությունը», քննադատում է ներկա իշխանություններին այնպես, ինչպես նախորդներին, Մարուքյանն անդրադարձավ: Նախ խորհուրդ տվեց Լենա Նազարյանին հետ գնալ և նայել: Հիմա, ըստ պատգամավորի, այլ բառամթերք է օգտագործվում, քննադատությունը թիրախային է և փաստարկված:
«Իշխանությունը չէ, որ պետք է թելադրի և ուզենա, թե ինչպիսին լինի ընդդիմությունը: Որ երկրում իշխանությունը կպատվիրի, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը, այդ երկիրն ապագա չունի, էդ էր մնացել, որ իշխանությունն ասի, թե ինչպիսին պիտի լինի ընդդիմությունը, ընդդիմությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքը կա, ինչպիսին ժողովուրդն է իրեն ընտրել»:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է նաև, որ հանրաքվեով իշխանությունը կունենա անհրաժեշտ «այո»-ների քանակ, իսկ ժողովուրդն ինչպես քվեարկեց, այդ քվեարկությունը պետք է ի կատար ածվի. - «Այլ բան է, որ դա հետևանքներ է ունենալու, և այդ հետևությունը կրելու ենք բոլորս որպես պետություն», - նկատեց նա:
Ավելի վաղ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել էր, թե ԼՀԿ-ն ահազանգեր է ստանում մարզերում վարչական ռեսուրսի կիրառման մասին, ինչն իշխանությունը բացառել էր:
Մարուքյանն ասաց՝ դա «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի տիրույթում է, նա պետք է զբաղվի այս հարցով:
«Ազատության» դիտարկմանը, թե ինչու չեն հրապարակում փաստերը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. - «Հայաստանում ե՞րբ է եղել, որ ընդդիմությունն ունեցել է ահազանգ և ունեցել է դրա վերաբերյալ մարդ, որը կգա, վկայություն կտա: Մարդիկ շարունակում են նույն ձևով մնալ վախեցած»:
Հարցին՝ ումի՞ց, նա արձագանքեց՝ իշխանությունից. - «Այսօր լիցենզիա ունեցող քաղաքացիները, որ աշխատում են ՏԻՄ մարմիններում, վախենում եմ գնալ ու «Ոչ»-ի կողմից գրանցվել որպես հանձնաժողովի անդամ, քանի որ կարծում են, որ ապագայում խնդիր կունենան, այս առումով աուրան մնում է նույնը», - ասաց նա ու ևս մեկ հայտարարություն արեց.
«Մեր արած դրամահավաքին գործարարներ, որ հրավիրում ենք, ոչ ոք չի գալիս, լավագույնը 5 միլիոն է հավաքում, իշխանությունը դրամահավաքին 205 միլիոն է հավաքում: Այսինքն՝ աուրան ընդդիմությանը փող տալու նաև բիզնեսի կողմից շարունակում է մնալ խոցելի, գործարարները շարունակում են մնալ վախեցած ընդդիմության հետ որևէ ձևով հարաբերվելու իմաստով: Ասում են՝ ընդդիմադիր եք, քննադատում եք վարչապետին»:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.