ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցների մեծամասնությունն ազատման դիմում է գրել

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 108 աշխատակիցներից 86-ը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

«Անձի խնդիր չի, սա այն ամենի խնդիրն է, համակարգի պահպանման խնդիրն է», - ասում է կենտրոնի 21 տարվա աշխատակից, կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը:

Նա իրերն է հավաքում, պնդում է՝ կոլեկտիվի բողոքը տնօրենի հեռացման հետ կապ չունի, ասել են, ասում են՝ դեմ են «Նորք» ինֆեկցիոնի հետ միավորմանը։ Նախկին տնօրենը հրաժարվել է այդ գործն անել, իսկ նորի գործը հենց դա է՝ միավորումն ապահովելը։ Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանն ասում է՝ հետևանքները լինելու են բացասական: Նա նաև չարագուշակ կանխատեսում է անում. - «3-4-5 տարի հետ մենք ունենալու ենք ընդհանրապես կոլապս, ունենալու ենք անկառավարելի համաճարակ»:

ՁԻԱՀ-ի կենտրոնի անձնակազմը մեկ ամիս է, ինչ մասնագիտական քննարկում է պահանջում, որպեսզի հիմնավորվի, թե ինչու է իրենց պնդմամբ արդյունավետ գործող կենտրոնը միաձուլվում։ Այստեղ վստահ են, որ ՁԻԱՀ-ի առումով խոցելի Հայաստանը պետք է առանձին կենտրոն ունենա և գործի այն մոդելով, որով գործում է։ Կոլեկտիվ դիմումն, ասացին, ճարահատյալ քայլ է, շանտաժ չէ:

«Այն պայմանները, որը ստեղծել են Առողջապահության նախարարության տարբեր աշխատակիցները մեր աշխատանքի համար, անհնարին են դարձնում աշխատանքը, անհնարին», - նշեց կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը: Վերջինս երկու օր առաջ հիմնարկի կնիքը նոր տնօրենի չփոխանցելու համար ոստիկանություն էր տարվել, մի քանի օր է՝ նախկին տնօրենի՝ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորի կապարակնքված կաբինետը ոստիկանների 24-ժամյա հսկողության տակ է:

«Ինձ ասացին, որ ես ինքնիրավչությամբ եմ զբաղվում, հիմա իրենք զբաղվում են ինքնիրավչությամբ, և դա բիրտ ուժ է: Ես այդպես եմ գնահատում», - նկատեց Հակոբյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տնտեսագետ Արթուր Բերբերյանն է: Աշխատակիցների դիմումների մասին համացանցից էր տեղեկացել, քանի որ առավոտից նոր կնիք գրանցելու գործերով էր զբաղված, ասաց՝ նրանց գործից չի ազատի, բայց հիշեցում ուներ. - «Գոյություն ունեն նաև քրեական օրենսգրքում հոդվածներ անգործության վերաբերյալ, հանցավոր անգործություն»:

Բերբերյանն ասաց՝ ընդամենը երեկ է կոլեկտիվից հավաստիացում ստացել, որ որքան էլ անհնազանդությունների դիմեն, կենտրոնից ամեն օր օգտվող, դեղերի կարիք ունեցող մարդկանց կյանքների հետ չեն խաղա:

«Նաև կարող եմ մտածել, որ սա շանտաժի լեզու է, քանի որ երեկ ամբողջ կոլեկտիվը, որ ժողով էր ինձ հետ անում, ասում էր՝ մենք երբևիցե որևիցե պացիենտի կյանքի հետ չենք խաղա», - պատմեց տնօրենի ԺՊ-ն:

«Ազատությանն» աշխատակիցները պատմեցին՝ օրինակ՝ արյուն ընդունող չունեն, ազատվել է աշխատանքից: Արյան ընդունման բաժինն այսօր չի աշխատել. այստեղ դիմում չի գրել միայն հոգեբան Կարինե Բաղումյանը, ասաց՝ բանկի հետ գործ ունի, այդ պատճառով, վարակաբանն էլ չի գրել, ասաց՝ ադմինիստրատիվ հարցերի չի խառնվում։ Բարեբախտաբար, չեն հրաժարվել գոնե այսօր աշխատել այն բաժանմունքներում, որտեղ դեղեր են տրամադրում ՄԻԱՎ-ով ապրողներին:

«Պացիենտները դեղորայք ստացել են, ոչ մի պացիենտ առանց դեղորայք ստանալու չի գնացել, աշխատանքը չի խաթարվել, բոլորին ճանապարհել ենք», - հայտնեց կենտրոնի բուժքույր Քրիստինե Ավալյանը:

Ի՞նչ կլինի երկուշաբթի, վտանգավոր վարակով ապրողների համար այս կենտրոնը միակ վայրն է, որտեղից իրենք անվճար դեղեր են ստանում և ապրում դրանց շնորհիվ: Կենտրոնում ասացին՝ չգիտեն, հորդորեցին այս հարցն ուղղել Առողջապահության նախարարությանը, իսկ ՄԻԱՎ-ով ապրող 60-ամյա կինը միջանցքում հեկեկում էր, նա դեղերն ստացել էր և լսել, որ իրեն բուժող բժշկուհին դիմում է գրել. - «Էնքան մոտիկ մարդ է, ու հիմա որ իմացա՝ գրել է դիմում, գնում է, հետագայում ես չգիտեմ, ինքն ինձ անձամբ ճանաչում է, անգամ ձայնը, որ զանգում, խոսում ենք, միանգամից իմանում է, կարում ես խոսես»:

Ասում է՝ իրենցից ոչ ոք այս կենտրոնից բացի, այլ բուժհաստատություն չի մտնի, քանի որ ամենուր հանդիպում են խտրականության, ինքը նույնիսկ ռեանիմացիայում, վիրահատությունից հետո է դաժան վերաբերմունքի արժանացել. - «Ինձ առանձին այնպես էին մեկուսացրել, ոնց որ ինչ լինի, մեկը չէր մոտիկանում, խեղդվում էի, չէի կարողանում շնչել, մեկը չկար»:

Երբ խոսում են ՁԻԱՀ-ով հիվանդներին մատուցվող ծառայությունների ապակենտրոնացման մասին, հայերի մենթալիտետի մասին թող չմոռանան, ասում է ՄԻԱՎ-ով ապրող մեկ այլ կին, որ էլի դեղերը ստանալու էր եկել: Նա նշեց՝ երբեք պոլիկլինիկա չի մտնի. - «Ու հերթում կանգնենք, բոլորը մեզ մատնացույց անե՞ն, ինչի՞ մասին է խոսքը»:

Թե՛ կենտրոնի անձնակազմը, թե՛ Առողջապահության նախարարությունը համոզում են՝ իրենց նպատակը հենց ՄԻԱՎ-ով ապրողների շահերը պաշտպանելն է։