ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի առջև էին: Մեկ ամիս է՝ նրանք փորձում են հասկանալ, թե ինչու է կառավարությունը որոշել միավորել ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոնի հետ։
«Մի աշխատող համակարգ կա, որը բազմիցս իր արդյունավետությունը ցույց է տվել, ինչո՞ւ պետք է այդ համակարգը փոխել», - ասում է կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանցյանը:
Կենտրոնի մեկ այլ բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանն էլ նշում է. - «Դրանից տուժելու է, եթե ավելի առարկայական ասենք, որոշումների կայացման օպերատիվությունը, դրանից տուժելու է մասնագիտական մոտեցումը»:
Երեկ էլ առողջապահության նախարարի որոշմամբ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն ազատվել է աշխատանքից, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բերբերյանի առաջին աշխատանքային օրը եզրափակվել է սկանդալով՝ փոխտնօրեն Արամ Հակոբյանը հրաժարվել է նրան հիմնարկի կնիքը տալ ու բերման է ենթարկվել ոստիկանություն։
Հակոբյանն ասաց՝ իրեն տեղեկացրել են, որ զբաղվել է ինքնիրավչությամբ. - «Ես այդ կնիքը չեմ կարող հանձնել, որովհետև ես կնիք չունեմ, կնիք ունի հիմնարկը, որը տնօրինում է տնօրենը»:
Փոխտնօրենը պնդում է՝ տնօրենը ժամանակավոր անաշխատունակության մեջ է, և նրան ազատելու իրավունք նախարարը չուներ: Կենտրոնի գլխավոր հաշվապահն էլ հավելում է՝ պետք է երկու անգամ նկատողություն ստացած լիներ, այնինչ ճիշտ նույնքան անգամ տնօրենը պատվոգրեր է ստացել նախարար Թորոսյանից. - «Ես խորհրդականին հարցրեցի՝ միգուցե այդ պատվոգրերն ե՞ք համարում նկատողություն»:
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի անձնակազմը վստահ է՝ ուժային մեթոդներ են կիրառվում, որպեսզի իրենք լռեն ու չբողոքեն ինֆեկցիոնի հետ միավորման դեմ: Կենտրոնի նոր տնօրեն Արթուր Բերբերյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այո, երեկ ինքն է ոստիկանություն ահազանգել, քանի որ կնիքն իրեն չեն տրամադրել, և դրա տեղակայման վայրն իրեն հայտնի չի եղել, այսօր էլ նույն վիճակն է. - «Ես երեկվանից տնօրեն եմ նշանակվել, բայց ոչ կնիքն եմ տեսել, ոչ գիտեմ՝ որտեղ է, ոչ էլ գիտեմ՝ ընկերության փաստաթղթերը որտեղ են»:
Ասաց, որ հանձնարարականներ է տվել աշխատակիցներին, դրանք չեն կատարվել։ ՁԻԱՀ-ի կենտրոնի թեժ իրադարձություններին անդրադարձավ նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա մանրամասնեց՝ տնօրենին փոխել է, քանի որ նա հրաժարվել է կատարել կառավարության որոշումը, այսինքն՝ կազմակերպել ինֆեկցիոնի հետ միավորման գործը. - «Տրամադրելու փաստաթղթեր, իրականացնելու կառավարության որոշման պահանջը, որն է երկու ծառայությունների միավորումը», - նշեց նախարարը:
Արդյո՞ք կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագրի լուծարումն իրավաչափ է, Արսեն Թորոսյանն ասաց՝ դատարանը կարող է որոշել, նորից շեշտեց՝ ինֆեկցիոնի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորմամբ որևէ ծառայություն չի կրճատվում։
«Ոչ մի բանի ոչնչացում տեղի չի ունենում: Ես ինքս իմ առաջին աշխատանքը, եթե այսպես ասենք՝ վճարվող, ունեցել եմ այս համակարգում դեռ 2004-05 թվականներին ու շատ լավ պատկերացնում եմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բոլոր միջոցառումները, այդ թվում նաև գիտեմ այդ համակարգում եղած անձանց շատ այլ կուլիսային շահերը, և այն պրոցեսները, ինչ-որ սկսվել են, պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին», - ասաց նախարարը:
ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները պնդում են՝ Հայաստանն այս վարակի առումով խոցելի գոտում է: Ամեն տարի Հայաստանում ՄԻԱՎ-ի մինչև 450 նոր դեպք է գրանցվում, և մարդկանց բուժումը, հիվանդության կանխարգելման գործը մեկ կենտրոնում արդեն փորձված մոդելով իրականացնելն ավելի արդյունավետ է։ Առողջապահության նախարարությունից հակադարձում են՝ ծառայությունները կմնան, կզարգանան, բայց ապակենտրոնացված:
ՄԻԱՎ-ով ապրող Արման Ավչյանը նկատում է՝ իրենք խտրականության են հանդիպում նույնիսկ բուժհաստատություններում. - «Մարդը ՄԻԱՎ-ով ապրող մարդ է, ու ասում են՝ գնա СПИД կենտրոն: Դա է իրենց արտահայտությունը, գնա СПИД կենտրոն»
Արմանն ասում է՝ այսօր էլ ՄԻԱՎ վարակակիրները կարող են մոտակա պոլիկլինիկա դիմել, բայց նախադեպ չկա։ Խարանի ու խտրականության չհանդիպելու համար նրանք գերադասում են դիմել այնտեղ, ուր բախտակիցներն են՝ ՁԻԱՀ-ի կենտրոն։
«Եթե մեր հասարակությունը պատրաստ չէ ընդունելու մեզ՝ ոնց մենք կանք, ի՞նչ միացումի, ինչի՞ մասին է խոսքն ընդհանրապես, չեմ հասկանում: Հասարակությունը պատրաստ չի, ցավոք սրտի», - շեշտեց Արման Ավչյանը: