Անցած տարի Հայաստանը գրանցել է ամենաբարձր տնտեսական աճը եվրոպական ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ, ԵՏՄ) տարածաշրջանում, ինչպես նաև իր բոլոր հարևանների հետ համեմատած, երկրում աղքատության մակարդակը նվազելով հասել է 1991 թվականից ի վեր ամենացածր աստիճանին, և 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում ավելի քան մեկ միլիոն մարդու աշխատավարձ, թոշակ ու նպաստ է բարձրացվել, այսօր կառավարության նիստում, ամփոփելով 2019 թվականը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրն այսօր նիստում հավանության արժանացրեց կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որը ներկայացվելու է Ազգային ժողովում, և այդ կապակցությամբ վարչապետ Փաշինյանը հարկ համարեց ամփոփել անցած տարին, որովհետև, ինչպես ինքն ասաց, 2019-ը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և այն պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը։
«Գրանցվել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը Հայաստանի Հանրապետությունում՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ։ Այսինքն՝ մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը շարունակեց՝ մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով` 2008-ից ի վեր առաջին անգամ տնտեսության կառուցվածքում 12,1 տոկոս կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:
«Այսինքն՝ ես սա համարում եմ շատ կարևոր մեր քաղաքական էն հայտարարության կոնտեքստում, որ մենք Հայաստանը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր, ընդ որում ուզում եմ ընդգծել, որ այստեղ հանքարդյունաբերությունը հաշվառված չէ, խոսքը միայն մշակվող արդյունաբերության մասին է», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը։
Այնուհետև՝ անցած տարի Հայաստան այցելել են 14,7 տոկոսով շատ զբոսաշրջիկներ, քան 2018-ին, երկրից արտահանումն աճել է 10,3 տոկոսով։
«Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի, մրգային գինիների. կոնյակը 26,4 տոկոս, միգային գինիները 70,8 տոկոս, խաղողի գինու 25,3 տոկոս և բուսական ծագմամբ արտադրանքի 14,3 տոկոս ապրանքախմբերով։ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյան ներդրումների ներհոսքը կազմել է 2,1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27,6 տոկոսով, իսկ 2017 թվականի 635 միլիոն դոլարով կամ 41 տոկոսով», - ասաց վարչապետը՝ շարունակելով. «2018-2019 թվականներին կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505,4 միլիարդ դրամով կամ 43,6 տոկոսով»։
«2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել, ստեղծվել է կամ ստվերից դուրս է բերվել ավելի քան 87 հազար աշխատատեղ։ 2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23,5 տոկոսի, ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1,2 տոկոսից նվազել է մինչև 1 տոկոս։ Ես ուզում եմ արձանագրել, որ փաստացի ստացվում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի։ 2018 թվականի մայիսից ի վեր ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ Հայաստանի Հանրապետությունում բարձրացրել է», - հավելեց Փաշինյանը։
2019 թվականի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստներն աճել են մոտ 590 միլիոն դոլարով՝ տարեվերջին հասնելով աննախադեպ 2,85 միլիարդ դոլարի: