Սերժ Սարգսյանի գործով պաշտպանական կողմը պահանջեց դատախազ Մարտիրոսյանի ինքնաբացարկը

Այսօր մեկնարկեց պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։

Նախկին նախագահ, այժմ ամբաստանյալ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճում խոսելու հնարավորություն չունեցավ, իսկ դատարանին ներկայանալիս էլ ոտքի չկանգնեց։ Ավելի ուշ դատավոր Վահե Միսակյանը բոլորին տվեց այդ իրավունքը՝ պարզաբանելով՝ խնդիրը տեխնիկական է, դատավարության մասնակիցների ձայնը լսելի չէ ներկաներին։ Մեղադրող Արսեն Մարտիրոսյանն այդուհանդերձ բացատրություն պահանջեց. - «Ես ուզում եմ հասկանալ՝ դատարան, ես այս ընդհանուր կանոնից բացառություն ներկայացնում եմ, թե ոչ»:

Դատավորն արձագանքեց. - «Ես Ձեզ ևս կարող եմ թույլատրել նստած պատասխանել կամ հայտարարություն անել, կամ դիրքորոշում հայտնել: Սա ընդամենը պայմանավորված է, ներկա գտնվող անձինք, որպեսզի իրենց համար լսելի լինի»:

Այս գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանն և նույն նախարարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Նրանք բոլոր ներկա էին նիստին:

Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Իրավապահները հայտարարել էին՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողագործներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:

Դատավարության հենց սկզբից Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ դժգոհեց՝ ինչո՞ւ իր պաշտպանյալի բնութագրական տվյալներում բացակայում են մանրամասներ այն մասին, թե ինչ ծառայություններ է մատուցել Սարգսյանը հայրենիքին՝ թվարկելով Սերժ Սարգսյանի ստացած մեդալներն ու զբաղեցրած պաշտոնները. - «Սերժ Սարգսյանը պարգևատրվել է բազմաթիվ պարգևներով, և վստահ ասում եմ՝ սույն դատական նիստը չի բավականացնի, որ ես դրանք թվարկեմ»:

Դատախազ Արսեն Մարտիրոսյանի արձագանքը սրան այն էր, որ իր մասին տվյալներում էլ չեն նշել կարևոր փաստեր, օրինակ՝ իր գիտական աստիճանի մասին։ Բնութագրող տվյալների հարցը պարզելուց հետո պաշտպանական կողմն անմիջապես պահանջեց դատախազ Մարտիրոսյանի ինքնաբացարկը։ Երրորդ նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանը պնդում էր՝ տասնյակ ընթացակարգային խախտումներով է գործը հասել դատարան, դատախազին էլ մեղադրեց կողմնակալ լինելու մեջ. - «Այսինքն՝ դատախազի դերը, նշված մոտեցումները պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկած են հարուցում տվյալ քրեական գործով ապօրինաբար ամբաստանյալի դատավարական կարգավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նրա անկողմնակալության և անաչառության նկատմամբ»:

Դատախազ Մարտիրոսյանի ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար դատավորն անցավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15.30-ին։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական խումբն այսօր շարունակում էր պնդել, որ իրենց վստահորդի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են։ Դատախազ Մարտիրոսյանն այնուհանդերձ հակադարձեց՝ մեղադրանքն ապացույցների հիման վրա է ներկայացվել:

«Մինչ այդ ամեն ինչ որոշված է եղել, ամենայն հավանականությամբ այլ տեղում և այլ պաշտոնատար անձի կողմից: Ավելին՝ քննիչը համոզված է եղել, թե ինչ ցուցմունք է տալու առերեսման կանչված անձը: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է՝ մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ և անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի», - հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:

«Քրեական գործում թվարկված են մի շարք ապացույցներ, պատահական չէր, որ պաշտպանության կողմը նշեց, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած է 82 էջից, և մեղադրական եզրակացության մեջ մանրամասն թվարկված են այն բոլոր ապացույցները, որոնք դրվել են ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքի հիմքում», - ասաց դատախազը:

Նկատենք, ոչ դատավարության ընթացքում, ոչ էլ դրանից հետո չնշվեց, թե մասնավորապես ով է Սերժ Սարգսյանի դեմ այդ մեկ ցուցմունքի հեղինակը։ Մամուլում շրջանառվում է գյուղատնտեսության նախկին նախարար, այս գործով ամբաստանյալ Սերգո Կարապետյանի անունը։ Սակայն լրագրողների հետ ճեպազրուցյում Սերժ Սարգսյանի փաստաբանը խուսափեց հստակ անուն նշելուց։ Ավելին ակնարկեց՝ ցուցմունք էլ չկա՝ առանց փակագծեր բացելու. - «Միայն ցուցմունքի փաստացի, թղթի գործի մեջ կարված լինելը դեռ չի նշանակում, որ դա կշիռ ունի», - ասաց Մակինյանը:

Դիտարկմանը, թե առերեսում է եղել Սերգո Կարապետյանի հետ, նա արձագանքեց. - «Ես դեռ անուններ չեմ ուզում ասել»:

Ի դեպ, այսօր՝ նախքան դատական նիստի մեկնարկը, երբ Սերգո Կարապետյանը մտավ դատական դահլիճ, այստեղ հավաքված Սերժ Սարգսյանի աջակիցներն ամոթանք ուղղեցին նախկին նախարարին։ Ինքը՝ Կարապետյանը, հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել։

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում։