Սա այլևս մի ականապատ դաշտ է. Զոհրաբյանը՝ բանակում առկա համակարգային խնդիրների մասին

Վերջին շրջանում քաղաքացիների վրդովմունքն է առաջացրել այն փաստը, որ այս տարվա առաջին մեկուկես ամսվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում արդեն 13 զինծառայող է մահացել։

Վարչապետի մոտ այս կապակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին ուժային կառույցների ղեկավարները, դրանից հետո պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Արցախում փոխվեց պաշտպանության նախարարը։

Ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին է պատասխանել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անդրադարձել է նաև այս թեմային։

Ստորև՝ հաղորդումից մի հատված.

«Ազատություն». – Վահրամ Պետրոսյանը ասում է. - «Տիկին Զոհրաբյան, շատ կարևոր է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպում անցկացրեցիք։ Հիմա ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք եղան պարզաբանումներ, արդյո՞ք իրենք իրենց մեղքի բաժինը տեսնում են»։

Նաիրա Զոհրաբյան. – Գիտե՞ք, ես ստորագրել եմ, հա՞, գաղտնիության չհրապարակման փաստաթուղթ՝ որպես պատգամավոր, և ես միշտ հարգել եմ իմ ստորագրությունը, և ես հիմա չեմ կարող և ինձ թույլ չեմ տա փակ հանդիպումից, Դուք գիտեք՝ ես բազմաթիվ գաղտնի փաստաթղթերի եմ ծանոթանում, ես ինձ թույլ չեմ տա փակ հանդիպումից հրապարակել ինչ-որ դետալներ։ Բայց մի բան կարող եմ ասել, որ գիտե՞ք, եթե մենք կարողանայինք ունենալ, իսկապես, մենք կարողանայինք էս խոցին շուտ անդրադառնալ և անընդհատ չասել, որ բանակը տաբու է, եկեք չխոսենք, ես հիմա եթե ասեմ, թե ինչպիսի երբեմն կենցաղային, էսպես, ռազբորկայից է եղել սպանությունը կամ ինքնասպանությունը, եթե ես պատճառը Ձեզ ասեմ, դուք կզարհուրեք։ Բնականաբար, ես չեմ ասի։

«Ազատություն». – Այսինքն՝ պատճառը գիտեն բանակում։

Զոհրաբյան. – Իհարկե գիտեն, բանակում գիտեն, թե, ասենք, ինչ բառից, ինչ մի բառից կարող է լինել, կամ զինվորը ինքնասպանություն գործեր։ Եվ եթե մենք ունենայինք իսկապես պատրաստված ռազմական հոգեբաններ, և եթե մենք կարողանայինք ճիշտ աշխատել մեր սպայական կազմի հետ, և եթե մենք կարողանայինք ճիշտ ու գրագետ աշխատել մեր զինվորների հետ, ապա ես Ձեզ վստահեցնում եմ...

«Ազատություն». – Պիտի արտոնյալ զինվորներ չլինեն, ընդունո՞ւմ եք այդ էլիտար զորամասերը։

Զոհրաբյան. – Այո, նախ պիտի չլինեն արտոնյալ զինվորներ, այ էդ էլիտար զորամասի պատմությունն էլ մենք քննարկել ենք, ցավոք սրտի էլի փակագծեր բացել չեմ կարող, այո, չպիտի լինեն արտոնյալ զինվորներ, բայց պիտի լինեն նաև իսկապես մարդիկ, ովքեր կաշխատեն զինվորների հետ։ Ինձ ուղղակի զարհուրեցրեց, երբ որ ես գնացի «Կանազ»-ի զինվորական կայազոր, էնտեղ, գիտեք, հատուկ ստորաբաժանում կա, հատուկ բաժին կա հոգեկան խանգարումներ ստացած զինվորների, մենք էնտեղ ունեինք վատ թիվ՝ իմ գնացած պահին 53 զինվոր։ Այսինքն, հիմա ես հարց եմ ուզում տալ՝ հարգարժաններս, զինվորը զորակոչվել է, եթե զորակոչվել է, նշանակում է՝ նա եղել է առողջ, լավ ի՞նչ սթրես է տանում, ի՞նչ է լինում այդ զինվորի հետ, որ շատ կարճ ժամանակում մենք ունենում ենք, իսկ էնտեղ կային զինվորներ, ովքեր այլևս անդառնալի հոգեկան խեղումներ ունեին։

Այսինքն՝ սրանք համակարգային խնդիրներ են, և, այո, լավ է, որ վարչապետը առաջարկեց, և նախագահը ստորագրեց, և եղան պաշտոնանկություններ, բայց միայն պաշտոնանկություններով, ցավոք սրտի, մենք էս խնդիրը չենք լուծելու։ Բայց ես ուզում եմ, որ մենք էս խնդիրը լուծենք, որովհետև սա այլևս մի ականապատ դաշտ է, տարածք է, որ եթե մենք էս խնդիրը չլուծենք, ապա էդ ականի վրա պայթելու ենք բոլորս։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.