Այս հինգշաբթի լրանում է ռուսաստանցի ամենավառ քաղաքական աստղերից մեկի՝ Բորիս Նեմցովի նենգ սպանության 5-րդ տարելիցը:
2015 թվականի փետրվարի 27-ին երեկոյան տեղական ժամանակով 11-անց կեսին Նեմցովին դարանակալել և գնդակահարել են հենց ռուսաց երկրի սրտում՝ Կրեմլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին:
Ընդդիմադիր գործչի բարեկամների և աջակիցների համոզմամբ, Ռուսաստանի իշխանությունն առնվազն անուղղակի առնչություն ունի նախկին փոխվարչապետ, Ժողովրդական ազատության կուսակցության համանախագահ, Յարոսլավլի շրջանային դումայի պատգամավոր, Վլադիմիր Պուտինի խիստ քննադատ Նեմցովի աղաղակող սպանության հետ:
Այսօր Պրահայի քաղաքային խորհուրդը պաշտոնապես հավանություն է տվել Չեխիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը հարող փոքիկ Պոդ Կաշտանի անվամբ հրապարակը Բորիս Նեմցովի հրապարակ անվանելու առաջարկին: Անվանափոխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հենց փետրվարի 27-ին:
Բացի այդ, Պրահայի քաղաքային խորհուրդը հաստատել է մայրաքաղաքի զբոսայգու ծառուղիներից մեկին 2006 թվականին սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անունը շնորհելու որոշումը:
«Այս վճիռներով Պրահան միանում է մի շարք մայրաքաղաքներին, որտեղ խորապես մտահոգված են Ռուսաստանում քաղաքական ասպարեզում տիրող իրավիճակով, և՛ Նեմցովը, և՛ Պոլիտկովսկայան պաշտպանել են դեմոկրատական արժեքները և ստորաբար սպանվել են, երկուսի հիշատակն էլ պետք է վառ պահել», - Թվիթերում գրել է Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրիբը:
2018 թվականի փետրվարին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան մոտ բացել են Նեմցովի պլազան, նման անվանակոչություն է տեղի ունեցել նաև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Այդ որոշումները, բնականաբար, զայրացրել են ռուսներին:
Անցյալ տարվա սեպտեմբերին Պրահայում շրջաններից մեկում որոշել են հեռացնել խորհրդային մարշալ Իվան Կոնևի արձանը:
Կոնևի զորքը Երկրորդ աշխարհամարտում ազատագրել է Չեխոսլովակիայի տարածքի մեծ մասը, սակայն հետագայում մարշալը և նրան ենթարկվող զորամիավորումները շատ ագրեսիվ կերպով մասնակցել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոմունիստական կարգերի հաստատմանը:
Ավելին, Պրահայի մեկ այլ շրջանում տեղական իշխանությունը որոշել է տեղադրել Անդրեյ Վլասովի բանակին նվիրված արձանը: Վլասովը խորհրդային զորավար էր, գերեվարվելուց հետո անցել է նացիստների կողմը և առաջնորդել է «Ռուսաստանի ազատագրության բանակը»:
1945 թվականի գարնանը Վլասովի բանակն ապստամբել է ֆաշիստների դեմ և ազատագրել է Պրահայի մի հատվածը: Վլասովին խորհրդային իշխանությունը ձերբակալել և գնդակահարել է 1946-ին:
Այսօր Չեխիան չի հերքում, որ Վլասովը Մոսկվայի տեսակետից դավաճան է, բայց պնդում է, որ Պրահայի մի հատվածի ազատագրումն էլ պատմական անհերքելի փաստ է:
Հարցումների արդյունքները վկայում են, որ Չեխիայի հանրությունը հավանություն է տալիս Նեմցովի անունը հավերժացնելու այսօրվա որոշմանը: Սակայն նախագահ Միլոշ Զեմանն այն քննադատել է:
2017 թվականին Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Նեմցովի սպանության համար մեղավոր է ճանաչել և 11-20 տարվա ազատազրկման է դատապարտել հանցագործության բուն կատարողներ Զաուր Դադաևին, եղբայրներ Անզոր և Շադիդ Գուբաշևին, Տեմիրլան Էսկերխանովին և Խամզատ Բախաևին: Նրանք պատիժը կրում են խիստ ռեժիմի գաղութում:
Այնուամենայնիվ, Նեմցովի աջակիցները պնդում են, որ դատարանը չի կատարել գլխավոր առաքելությունը՝ չի բացահայտել և պատասխանատվության չի ենթարկել քաղաքական սպանությունը պատվիրած անձին կամ անձանց: