Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Էլիոթ Էնգելն ու հանրապետական սենատոր Մայքլ ՄըքՔոլը շրջանառության մեջ են դրել պատժամիջոցների նոր բանաձև՝ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար:
Նախագծի հեղինակները պնդում են, թե Ռուսաստանի իշխանությունները թաքցնում են հանցագործության մանրամասները, և կոչ են անում Սպիտակ տանը միջազգային հետաքննություն անցկացնել ու կոշտ սահմանափակումներ մտցնել մեղավորների նկատմամբ:
«Նեմցովը համալրեց այն լրագրողների, ակտիվիստների ու ընդդիմախոսների երկար ցանկը, որոնք սպանվել են Պուտինի կամակատարների կողմից՝ Կրեմլի ընդդիմախոսներին լռեցնելու համար», - հայտարարել է Էլիոթ Էնգելը:
Փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Նեմցովի սպանության չորրորդ տարելիցին: Կրեմլի քննադատը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ի Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլից քիչ հեռու: Սպանությունն իրագործելու համար դատապարտվել են Չեչնիայի չորս քաղաքացիներ, հանցագործության պատվիրատուն, սակայն, մինչ օրս հայտնի չէ: