Ընդդիմության ներկայացուցիչները քննադատում են իշխանություններին, պնդելով, որ գնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խախտել են գործող Սահմանադրությունը։
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
Ստորև՝ հատված հարցազրույցից.
Արծվիկ Մինասյան. – Առաջինն, ուրեմն, մենք գնահատել ենք, որ հակասահմանադրական ընթացքով է գնացել։ Ինչու ենք սա նաև կարևորում՝ որովհետև գործող իշխանությունը ինքը կարևորում է սահմանադրական ճանապարհով առաջ ընթանալը, և հետևաբար՝ շատ կարևոր է, որպեսզի իշխանությունը իր քայլերում ևս կարողանա հավաստիացումը տալ և ներկայացնել, որ դա սահմանադրական ճանապարհ է, և իրականացվում է փաստորեն էսօր հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով։ Եթե անհրաժեշտություն կա, իրավական հիմնավորումները բոլորը կներկայացնենք։
Երկրորդ կարևոր հանգամանքը. ի վերջո, ի՞նչ հարց է լուծվում՝ յոթ մարդու աշխատանքից ազատելու, որոնք որ ամենատարբեր բնութագրումներն են ստացել էս ժամանակահատվածում գործող իշխանությունների և նրանց ներկայացուցիչների կողմից՝ սկսած քաղաքական մեղսակցության մեջ մեղադրելուց, ավարտված քրեական հանցագործությունների ամենատարբեր մեղադրանքներով, որոնք, մեծ հաշվով, որևէ մեկն էլ ապացուցված չէ, արդարացված չէ։ Եվ հետևաբար՝ յոթ հոգու աշխատանքից ազատելու համար համաժողովրդական հանրաքվեի հանել հարցը՝ նշանակում է նաև նսեմացնել հանրաքվեի դերն ու նշանակությունը երկրի, պետության կառավարման հարցում։
Երրորդ՝ բովանդակային առումով ակնհայտ է, որ այն փոփոխությունը, որն առաջարկվում է, արդեն իսկ չի համապատասխանում ժողովրդավարական, դեմոկրատական և իրավական պետության հայեցակարգային մոտեցումներին և ընդհանրապես իշխանության տարանջատման սկզբունքին, և էդ տեսակետից է, որ մենք ասում ենք, որ ամեն ինչ պետք է անել՝ բացառելու «այո»-ն։ Դրա համար, մեր կոչը, հորդորը, խնդրանքը եղել է մեր՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներին, որ չմասնակցեն այս հանրաքվեին։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 23-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.