«Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում». Փաշինյան

Ստեփանակերտում այսօր Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խուրհուրդների համատեղ արդեն երրորդ նիստը։

Նիստի սկզբում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը և հայտարարել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ առանց Արցախի հետ բանակցությունների հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում։

«Ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն։ Կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը, և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց, և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է բանակի խնդիրներին։ Տարեսկզբից Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 13 զինծառայող է մահացել։ Ինչպես կարելի է ենթադրել Փաշինյանի խոսքից, նիստի արդեն փակ հատվածում ևս մտահոգիչ այս ցուցանիշը օրակարգային է եղել։

«Ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը, և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը, և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք», - նշել է Փաշինյանը:

Արցախում առաջիկայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների համատեքստում Փաշինյանը կարևորել է նաև ժողովրդավարության ամրապնդման հարցը, հայտարարել է՝ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում։

«Ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում այսօր արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակը անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում։ Այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ և արտահայտված կերպով կարտահայտվի և պիտի արտահայտվի առաջիկա ընտրություններում Արցախի։ Ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ և նույնական մոտեցումներ», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Հայաստանի վարչապետը խոսել է նաև տնտեսական մրցունակության տարածաշրջանի մարտահրավերների մասին։

Ինչպես կարդում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում, Բակո Սահակյանն իր հերթին, նշել է նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատությանը» հայտնեց՝ հանդիպման փակ հատվածը ձգվել է ավելի քան 2 ժամ։ Քննարկման առարկա է եղել նաև Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը Մյունխենում։

«Պաշտոնական Երևանը թաքուն որևէ բան չի պահում և չի պահել, ես համոզված եմ, չի էլ պահելու Արցախից։ Դա պարզապես հնարավոր չէ, որովհետև մենք մեկ ընդհանուր հայրենիք ենք, բայց, այո, երկու տարբեր պետություն», - ասաց Բաբայանը։

Բանակաշինությանը վերաբերող հարցեր ևս քննարկվել են, ասում է Բաբայանը՝ չմանրամասնելով՝ Արցախում առաջիկայում սպասվո՞ւմ են պաշտոնանկություններ, թե՞ ոչ։

Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ այս շաբաթ պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը։ Որոշմանը նախորդել էր վերջին 1,5 ամսվա ընթացքում 10-ից ավելի մահվան դեպքերի վերաբերյալ քննարկումը։

Այս ընթացքում մամուլում շրջանառվում են նաև Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը։

«Արցախի պաշտպանության նախարարին նշանակում է Արցախի Հանրապետության նախագահը։ Մենք երբևիցե որևէ թաքուն բան հատկապես կադրային քաղաքականության մեջ չենք պահել, չնայած, որ խնդիրներ կան, ինչպես նաև պետք է արձանագրել մեկ փաստ, որ բանակն էֆեկտիվորեն է իրականացնում իր առաքելությունը, դրա համար պահպանվում է խաղաղությունը կայունությունը։ Ինչ վերաբերում է խնդիրներին, իհարկե, ողբերգություն է եղել, բայց բացառելու համար մենք իրոք պետք է ճիշտ ախտորոշում տանք, տեսնենք ինչ է տեղի ունեցել, հանկարծ չփնտրենք և չփորձենք հարցը կարգավորել քավության նոխազներ փնտրելով, ինչի միջոցով խնդիրը պարզապես կկոծկվի», - ասաց Դավիթ Բաբայանը։